Մեր երկրում շուրջ 2000 ուսուցիչ կամավոր ատեստավորման միջոցով արդեն ստանում է բարձր աշխատավարձ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է կամավոր ատեստավորվելու հնարավորություն ընձեռել նաև մանկավարժի որակավորում ունեցող, սակայն երբևէ դպրոցում չաշխատած մասնագետներին: Կառավարությունը պետք է դեռ հաստատի նախարարության առաջարկները:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մասնագետը հնարավորություն կունենա մասնակցել կամավոր ատեստավորմանը և հաղթահարելուց հետո անմիջապես արդեն կարող է աշխատանքի ընդունվել առավել բարձր աշխատավարձով, բարձր շեմով: Եվ հուսով ենք, որ սա հետաքրքրական կդարձնի այս գործընթացը նաև նոր ուսուցիչներ ներգրավելու տեսակետից:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալ նաև ոչ մանկավարժական բարձրագույն կրթություն ունեցող այն անձանց, որոնք երաշխավորված կազմակերպությունների դասընթացներում առնվազն 30 կրեդիտ են հավաքել:
Արաքսիա Սվաջյան - Իրենք կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը զուգահեռ ստանալ 30 կրեդիտը և արդեն բոլոր նախապայմաններն ապահովելու պարագայում կրկին մրցութային կարգով մասնակցել որևէ դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթին և աշխատանքի ընդունվելիս ունենալ համապատասխան պայմանները:
Ոլորտային նախարարությունում կարծում են, որ այս ծրագրի միջոցով կկարողանան նաև ուսուցիչների բացը լրացնել: Կամավոր ատեստավորման շնորհիվ 50 տոկոսով բարձր դրույքաչափով աշխատավարձ ստացողներից է համար 190 ավագ դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լուիզա Սարգսյանը: Ասում է՝ ատեստավորումն իրեն նաև մասնագիտական առաջխաղացման հնարավորություն է տվել:
Լուիզա Սարգսյան (Երևանի համար 190 ավագ դպրոցի փոխտնօրեն, ուսուցիչ) - Ընդհանուր առմամբ բոլորովին խնդիր չէր, դժվար չէ, և բոլորն էլ կենտրոնանալու դեպքում բնականաբար կարող են հասցնել և հաղթահարել դա: Դա էլ մի հետաքրքիր ինքնազգացողություն է, գիտեք. էդ պահին, երբ դու քննություն ես հանձնում, էդ պահին հավասարվում, զգում ես աշակերտի դերում:
Լուիզա Սարգսյանն ասում է՝ շատ ուսուցիչներ խնդիր են համարում ոչ այնքան առաջադրանքների բարդությունը, որքան տրված ժամանակահատվածը: Մանկավարժին մի հարց է մտահոգում՝ արդյոք թեստերը հետագայում վերլուծության ենթարկվո՞ւմ են:
Լուիզա Սարգսյան - Արդյոք էդ թեստերում որոշակի օրինաչափություններ գտնո՞ւմ են, թե՞ չէ: Մասնավորապես, հնարավոր է՝ 8-րդ հարցին որևէ ուսուցիչ ճիշտ պատասխանած չլինի: Օրինակ՝ մասնագետները երկու եզրակացություն պետք է անեն՝ ոչ մի մասնագետ չի տիրապետում, և երկրորդ՝ կարո՞ղ է էդ հարցը սխալ է կազմված:
Կամավոր ատեստավորման մասնակցող ուսուցիչների տվյալները գաղտնի են մնում: Հավաքած միավորները պահպանվում են 5 տարի: Ատեստավորման գործընթացն այս տարի կիրականացնի բացառապես Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ սեպտեմբերից: Նախորդ երկու տարում այն կազմակերպում էին նաև մի քանի բուհեր: Շուտով կհրապարակվեն 2023 թվականի ատեստավորման մեթոդական ուղեցույցները, գրականության ցանկը: