ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կդառնա անվճար: Ներկայում այդ արտոնությունը տրվում էր մինչև 6 տարեկաններին: Սա թանգարանների ոլորտում ձեռնարկված ընդհանուր բարեփոխումների շրջանակում է: Գերատեսչության տոմսային նոր քաղաքականության համաձայն՝ նաև թանկացումներ կան:
Աստղիկ Մարաբյան (ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ) - Այն մի կողմից միտված է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացմանը և ընդհանուր ֆինանսական ինքնավարության խթանմանը, մյուս կողմից` մեր թանգարանների, պատմամշակութային ժառանգության պահպանության ապահովմանը և վերարժևորմանը, նաև մշակութային հասանելիության ապահովմանը:
Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի խոսքով` փոփոխություններն արվել են՝ նաև միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո: Ներկայում թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրությունների տոմսի գները 200-2000 դրամի միջակայքում են: Նախարարի նոր հրամանով գները կլինեն 1000-3000 դրամի սահմաններում:
Աստղիկ Մարաբյան - Եվ դրա շրջանակում թանգարանները իրենք են հնարավորություն ստանում ներքին իրավական ակտով որոշելու իրենց թանգարանի մուտքի տոմսը և մնացած ծառայությունների սակագները՝ նաև հաշվի առնելով թանգարանի հավաքածուն, այցելուների շրջանակը, աշխարհագրական վայրը, այսինքն՝ այն բազմաթիվ գործոնները, որոնք ընկած են տոմսի գնագոյացման հիմքում:
Տարիքային և սոցիալական մի շարք խմբերի համար սահմանված արտոնությունները կպահպանվեն:
50 տոկոս զեղչի իրավունք ունեն.
. 12 տարեկանից բարձր դպրոցականները,
. ուսանողները,
. Հայաստանի և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները,
. կենսաթոշակառուները,
. փախստականները:
Անվճար այցելության իրավունք ունեն, մասնավորապես, նաև հետևյալ խմբերը.
. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները,
. հատուկ խնամքի կարիք ունեցող ծերերը,
. Երկրորդ համաշխահային պատերազմի մասնակիցները,
. հաշմանդամություն ունեցողները,
. նպաստառուները,
. բազմազավակ ընտանիքի երեխաները,
. ժամկետային զինծառայողները,
. սահմանամերձ շրջանների դպրոցականները:
Բացի այս, նախարարության ենթակայության թանգարաններում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար:
Դավիթ Պողոսյան (Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն) - Ինչքան շատ հնարավորություն ունենանք մեր ժողովրդի համար անվճար թանգարանային մուտքեր կամ զեղչված արտոնություններ և մուտքեր ապահովելու, այնքան, բնականաբար, մեր կրթությանը, մեր գիտությանը, մեր զարգացմանը դա նպաստելու է:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը կարևոր է համարում, որ կրթական առաքելության ընթացքում թանգարանային տարածքները մատչելի լինեն հատկապես կրտսեր սերնդի այցելուների համար: Իսկ թե ինչ հետաքրքիր առաջարկներ ունեն մինչև 12 տարեկան երեխաների համար, Դավիթ Պողոսյանը նշում է.
Դավիթ Պողոսյան - Թանգարանն ունի կրթական ծրագրեր, որոնք մեր կայքում հասանելի են տարբեր տարիքային խմբերի համար, որոնք կապակցված են թանգարանի ցուցադրությունների հետ: Իհարկե, նաև բացատրությունների ժամանակ մեր աշխատակիցները, կրթական ծրագրերի մասնագետները հաշվի են առնում տարիքային առանձնահատկությունները և կազմակերպում են գործընթացը դրան համապատասխան:
Նախարարի նոր հրամանով Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների համար տոմսերի գնի տարբերությունը նույնպես վերացվում է:
Աստղիկ Մարաբյան - Մենք դիտարկում ենք բոլորին որպես համահավասար այցելուներ:
ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործում է մոտ 50 թանգարան: Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նախատեսվում է, որ թանգարանների դռները բաց կլինեն ավելի երկար ժամանակով, իսկ որոշները կաշխատեն 7-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հեղինակ` Աննա Զախարյան