ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՍՈՒԴԱՆՈՒՄ
Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Մայրաքաղաք Խարթումում կրակոցներ և պայթյուններ են լսվել: Բախումներ են եղել Արագ արձագանքման ուժերի և Սուդանի կանոնավոր բանակի միջև։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ԶՈւ ծառայողներն ավիահարվածներ են հասցրել Խարթումի հարավում գտնվող իրենց բազային։ Նախագահական պալատի բոլոր մուտքերն արգելափակված են:
Լրատվամիջոցների տվյալով՝ Սուդանի արագ արձագանքման ուժերը ներխուժել են ազգային հեռուստատեսության կենտրոնակայան, ինչպես նաև վերահսկողության տակ վերցրել Խարթումի և երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանները:
Ավելի ուշ Սուդանի բանակը հայտարարել է, որ հաջողվել է օդանավակայաններից հետ մղել հատու ջոկատայիններին: Հաղորդվում է տուժածների և զոհերի մասին:
Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները նախահարձակ չեն եղել, այլ փորձել են հետ մղել Արագ արձագանքման ուժերի հարձակումն իրենց ստորաբաժանումների վրա:
Սուդանի ընդդիմադիր «Հանուն ազատության և փոփոխության» շարժումն անցած շաբաթ հայտարարեց, որ երկրում անցումային քաղաքացիական իշխանություն ստեղծելու մասին քաղաքական համաձայնագրի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է՝ երկրի ռազմական ուժերի միջև կոնսենսուսի բացակայության պատճառով:
Նշվում է, որ Սուդանի զինված ուժերի հրամանատարը և Արագ արձագանքման ուժերի ղեկավարը, որոնք մինչև երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությունը ենթարկվում էին անմիջականորեն պետության ղեկավարին, տարաձայնություններ ունեն՝ Արագ արձագանքման ուժերին երկրի բանակում ինտեգրելու և Զինված ուժերի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված: Արագ արձագանքման ուժերը պնդում են, որ երկիրը չպետք է ղեկավարեն զինվորականները:
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՏ
Թուրքիան բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ Ռուսաստանից բնական գազի մատակարարման շուրջ, ինչպես նաև հանդես է գալիս էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման օգտին, հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ջանքեր ենք գործադրում ամենաէժան գնով գազ գնելու համար, բանակցում ենք Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Ալժիրի հետ»,- նշել է Իբրահիմ Քալընը:
Հունվարին նա հայտարարել էր, որ քննարկումներ են տարվում ռուսական գազի դիմաց վճարումը հետաձգելու և դրա համար 25 տոկոս զեղչի շուրջ:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Վոլոդիմիր Զելենսկին Էմանուել Մակրոնի հետ գրեթե մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել է Ֆրանսիայի նախագահի` Չինաստան այցի արդյունքները։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ անդրադարձ է եղել նաև առաջնագծում տիրող իրավիճակին: Փարիզը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ամրապնդել երկու երկրի միջև կապը և շարունակել աջակցել Կիևին մարտի դաշտում:
«Կիևը նաև ցանկանում է 2023 թվականի հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո անվտանգության արդյունավետ երաշխիքներ ստանալ», - հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ Մակրոնը մեկնել էր Պեկին, հանդիպել ՉԻնաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Համատեղ հայտարարությամբ Փարիզը և Պեկինը աջակցություն են հայտնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ արել հարգել հումանիտար իրավունքը։
ՊԱՅԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻ ՎԱՅՐԻ ՄՈՏ
Ճապոնիայի Վակայամա քաղաքում վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի համար նախատեսված վայրի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումն ավարտելուց հետո վարչապետը պետք է հանրության առաջ ելույթ ունենար, սակայն դրանից անմիջապես առաջ մի երիտասարդ Կիսիդայի ուղղությամբ գլանաձև սև առարկա է նետել։ Իրավապահները ձերբակալել են տղամարդուն:
Իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառով Կարուիձավա քաղաքում նախատեսված G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակացույցը չի փոխվի: Այն տեղի կունենա ապրիլի 16-ից 18-ը:
Անցած տարի ամռանը նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ մահափորձ էր իրականացվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ, նա մահացել էր հիվանդանոցում: Աբեի վրա կրակող տղամարդը, որը նախկինում ծառայել է ծովային ինքնապաշտպանության ուժերում, հայտնել էր, որ դեմ է եղել Աբեի վարած քաղաքականությանը։