Հանրային ծառայության մասին օրենքի նոր փոփոխություններով ընդլայնվել ու հստակեցվել է «շահերի բախում» հասկացությունը: Արդարադատության նախարարության մասնագետի խոսքով՝ այժմ իրավական նոր տերմին է սահմանվել՝ «մասնավոր շահ»: Սա ենթադրում է, օրինակ, մրցույթների ժամանակ կամ գնումների ոլորտում պաշտոնյային կամ նրան փոխկապակցված անձին տրվող ցանկացած արտոնության բացառում:
Եփրեմ Կարապետյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ) - Ներկայումս պաշտոնատար անձը, որը պաշտոն է զբաղեցնում որևէ կազմակերպությունում, և իր հետ փոխկապակցված անձի ընկերությունը մասնակցում է տվյալ ընկերությունում գնման գործընթացին, պաշտոնատար անձը պետք է ի սկզբանե այդ մասին տեղյակ պահի իր ղեկավարին, ղեկավար չունենալու դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, և ընդհանրապես չմասնակցի գնման գործընթացին:
Այս դեպքում ինչպես կդասավորվի իրավիճակը, կհամարվի՞ դա շահերի բախում թե ոչ՝ կորոշեն արդեն ղեկավարը կամ հանձնաժողովը՝ բացատրում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետը: Նախկին կարգավորումները, ըստ նրա, դիտարկում էին միայն պաշտոնյայի ուղիղ ազդեցության բացառման հարցը, բայց ոչ նրան փոխկապակցված անձի շահերը: Ի դեպ՝ նոր օրենքով վերանայվել է նաև «փոխկապակցված անձ» հասկացությունը՝ անմիջական հարազատների փոխարեն շեշտը դնելով սերտ հարաբերությունների վրա:
Եփրեմ Կարապետյան - Այսինքն՝ դուք կարող եք լինել երրորդ կամ չորրորդ սերնդի ազգակցական կապով կապված, բայց ընդհանրապես իրար հետ հարաբերություններ չունենաք, բայց կարող եք լինել մանկության ընկեր, իրար հետ մեծացած, ու ձեր հարաբերությունները շատ սերտ լինեն, ու դրա ուժով դուք օգնեք իրար: Ու էստեղ փոխկապակցված անձանց շրջանակի շեշտը դրվեց հենց հարաբերությունների վրա, որ ազգակցական ու ոչ ազգակցական սերտ հարաբերությունների մեջ գտնվող անձինք ևս համարվում են փոխկապակցված անձինք:
Եթե հանրային ծառայողը կամ պաշտոնյան որոշի շրջանցել օրենքն ու շահերի բախման մասին տեղեկությունը գաղտնի պահի, ըստ Կարապետյանի, կգործեն պատասխանատվության մեխանիզմները: Դրանք էլ են նոր ներդրվել, կախված ծառայության բնույթից՝ կարգապահական կամ վարչական: Մասնագետն ասում է՝ քաղաքացիներն էլ կարող են ազդարարման համակարգով տեղյակ պահել իրավապահներին, եթե նման իրավիճակի ականատես լինեն:
Օրենքի մյուս կարևոր կարգավորումն անհամատեղելիության պահանջների փոփոխությունն է: Պաշտոն ստանձնող անձը, որն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ըստ նոր կարգի՝ այն կարող է հավատարմագրային կառավարման հանձնել միայն կոնկրետ նորմերին համապատասխան:
Եփրեմ Կարապետյան - Հավատարմագրային կառավարման կկարողանան հանձնել միայն մասնագիտացված կառույցների: Օրինակ՝ բաժնետիրական ընկերություններ են: Դրանք կլինեն լիցենզավորված մասնագիտական ընկերություններ, ՍՊԸ-ների դեպքում գրանցված գործունեություն է լինելու հավատարմագրային կառավարում իրականացնելը, ու սահմանեցինք փոխկապակցվածությունը բացառող կարգավորումներ:
Հավատարմագրային կառավարիչը չի կարող փոխկապակցված լինել պաշտնյային, այսինքն՝ հանդիսանալ նրա ծնողը, ամուսինը, երեխան, քույրը կամ եղբայրը: Ըստ Կարապետյանի՝ արգելվում է նաև գործունեության ընթացքում պաշտոնյայից ուղղորդումներ կամ ցուցումներ ստանալ: