Հողի և ջրի հետազոտություն, դրանից հետո էլ՝ խորհրդատվություն, թե ինչպես ու ինչ բուժանյութերով պայքարել հայտնաբերված խնդիրների դեմ: Նման գործառույթ ունեցող եզակի լաբորատորիա է բացվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում, որը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով:
Հուսիկ Սահակյան (Արենի խոշորացված համայնքի ղեկավար) - Ֆերմերները կարող են առանց ավելորդ ժամանակ վատնելու, ստույգ և սպառիչ պատասխաններ ու լուծումներ ստանալ հողերի որակական հատկանիշների, բարելավման և մշակման արդյունավետության հետ կապված հարցերում, ինչպես նաև բույսերի ողջ վեգետացիայի ընթացքում ստանալ խորհրդատվություններ, ծառայություններ դրանց հասունացման ընթացքում:
Պատասխանատուները համոզված են՝ լաբորատորիայի շահագործմամբ շեշտակիորեն մեծանալու է հողերի բերքատվությունը և բարձրանալու է որակը, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնալու է ավելի արդյունավետ ու շահավետ:
Արենի լաբորատորիան կառուցվել է բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, «Արմենիա», նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամների միջոցով: Լաբորատորիան միևնույն ժամանակ ուսումնական կենտրոն է լինելու:
Բացման օրը նաև եռակողմ հուշագիր ստորագրեցին շվեյցարական հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշը, Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Վարդան Ուռուտյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր) - Այստեղ ոչ միայն ծառայություններ են մատուցվելու, այլև այստեղ առաջարկվելու են գյուղատնտեսության մեջ ընդհանրապես նորարարական բոլոր լուծումների առումով խորհրդատվություն, դասընթացներ, վերապատրաստումներ, և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ մեզ վստահվել է այս լաբորատորիայի մասնագիտական և փորձագիտական խորհրդատուի դերը:
Վահե Գաբրաշ (Գործարար, բարերար, «Արմենիա», «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամների նախագահ) - Արենիում նման լաբորատորիան, վստահ եմ, կբավարարի այն բոլոր պահանջմունքները, որոնք կլինեն խաղողագործության և գինեգործության ոլորտում՝ կապված նաև խաղողի սանիտարական որակի հետ, ինչը իր հերթին կնպաստի, որ կարողանանք լավագույնս պայքարել հողի և խաղողի տարբեր հիվանդությունների դեմ, արդյունավետ կանխարգելել այդ հիվանդությունները, որոնք պայմանավորված են կլիմայական փոփոխություններով:
Արենիի ավագանու որոշմամբ` շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին շնորհվել է Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
Հեղինակ` Աննա Զախարյան