Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան: Սա ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների, գործատուների համար առցանց workforall.am հարթակն է, որն օգնում է աշխատանք փնտրողին և առաջարկողին օնլայն հանդիպել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործարկած հարթակում, մեկ տարում ԵԱՏՄ անդամ երկրները միասին ավելի քան 670 000 աշխատանք են առաջարկում:
Անահիտ Պարզյան («Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն) - Դրա համար առաջին անգամ մուտք ենք գործում համակարգ, լրացնում անուն ազգանունը, մասնագիտական հմտությունները, նախընտրելի առանձնահատկությունները, որից հետո համակարգը ավտոմատ թարգմանում է նաև ռուսերեն, այնուհետև համակարգը հնարավորություն է տալիս նախընտրելի աշխատավարձով աշխատանք փնտրել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկում:
Անահիտ Պարզյան - Մենք կարող ենք ընտրել՝ ուզում ենք՝ միայն Հայաստանո՞ւմ, թե՞ բոլոր այս 5 երկրներում տեսնել: Ակտիվացնում ենք, որտեղ առկա թափուր հաստիքների թիվը 678 428 այս րոպեի դրությամբ, որից Հայաստանինը 70 է, Բելառուսինը՝ այսքան և այլն:
workforall.am ում գործարկվել է նաև «գտիր աշխատանք» միայն հայերեն հարթակը, որը Հայաստանի լոկալ շուկայի համար է: Հայտարարություններն անվճար են թե՛ գործատուների, թե՛ գործ փնտրողների համար: Անահիտ Պարզյանը հարթակի հիմնական առավելություններն է թվարկում:
Անահիտ Պարզյան - Օրինակ՝ Հայաստանում ուզում եմ գտնեл որևէ աշխատանք: Խնդրեմ. սեղմում եմ և ինչ եմ տեսնում՝ մի քանի հատ կա: Էստեղ գրում եք՝ ինձ հետաքրքրել է այս աշխատանքը, ավտոմատ այդ նամակը գնում է այդ կազմակերպությանը, և իրենք ձեզ հետ կապվում են: Մարտի 24-ի դրությամբ աշխատանքի 2928 հայտարարություն կա:
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մասնագետներ են Հայաստան ժամանել: Որ չգան, նոր գործ ման գան, հարթակը հնարավորություն է տալիս մինչև կոնկրետ երկիր մեկնելը աշխատանք փնտրել, գտնել, նոր միայն տեղափոխվել:
Անահիտ Պարզյան - Այս հարթակի միջոցով կարելի է գտնել այդ մարդկանց մինչև նրանց ժամանելը Հայաստան, խոսել, ինտերվյու անել և ապա հրավիրել կոնկրետ աշխատանքի համար: Սա նաև լավ հնարավորություն է՝ տեղադրել և տեղեկացնել հաստիքների մասին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալով 2022-ին workforall.am հարթակի և Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ հայաստանում աշխատանքի է ընդունվել 10,362 անձ։ Նրանցից 8,685-ը հաշվառված են եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Առաջիկայում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ևս մեկ նոր հարթակ է գործարկելու, որտեղ ոչ թե քաղաքացին է փնտրելու իրեն հարմար աշխատանք, այլ համակարգն է առաջարկելու՝ հիմք ընդունելով նախապես մուտքագրված տեղեկատվությունը: