Թուրքիան բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի շուրջ, ինչպես նաև հանդես է գալիս էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման օգտին: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Բանակցություններ են ընթանում «Բոթաշ» և «Գազպրոմ» ընկերությունների միջև։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել ամենաէժան գնով գազ գնելու համար բոլոր կողմերի հետ շփումներում՝ Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Ալժիրի հետ: Էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում այլընտրանքներ ենք դիտարկում»,- նշել է Քալընը:
Հունվարի կեսերին Քալընը հայտարարել էր, որ կողմերը բանակցություններ են վարում ՌԴ-ից ներկրվող գազի դիմաց վճարումը հետաձգելու և դրա համար 25 տոկոս զեղչի շուրջ:
Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ էներգակիրների դիվերսիֆիկացմանը կնպաստի երկրի սևծովյան հանքավայրերից տեղական սպառողներին վառելիքի մատակարարման մեկնարկը: