Ճապոնիայի Վակայամա քաղաքում վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի համար նախատեսված վայրի մոտ պայթյուն է որոտացել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումը ավարտելուց հետո վարչապետը պետք է հանդես գար ելույթով, սակայն դրանից անմիջապես առաջ մի երիտասարդ Կիսիդայի ուղղությամբ գլանաձև սև առարկա է նետել։ Իրավապահները ձերբակալել են տղամարդուն, իսկ մի քանի վայրկյան անց պայթյունի ձայն է լսվել, և ծուխ է բարձրացել: Վարչապետը չեղյալ է հայտարարել նախատեսված միջոցառումը:
Իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառով Կարուիձավա քաղաքում G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների ժամանակացույցը չի փոխվի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ից 18-ը: Ներկա պահին այնտեղ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։