Գերմանիան այսօր փակում է երկրի վերջին երեք գործող ատոմակայանները՝ «Իզար-2», «Նեկարվեստհայմ-2» և «Էմսլանդ»: Դրանց աշխատանքի դադարեցումը նախատեսվում էր 2022 թվականի վերջին, սակայն «Հյուսիսային հոսքերով» գազի մատակարարումների դադարեցման պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցը միանձնյա որոշմամբ երկարաձգել էր ատոմակայանների աշխատանքը մինչև 2023 թվականի ապրիլի 15-ը։
ԱԷԿ-ներից աստիճանաբար հրաժարվելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին կանցլեր Անգելա Մերկելի օրոք՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
Գերմանիան այժմ հրաժարվում է ոչ միայն «խաղաղ ատոմից», այլև ռուսական էներգառեսուրսներից: Այս տարի նախատեսվում է նաև հրաժարվել ածխի և նավթի մատակարարումներից, 2024 թվականին՝ գազի: Բեռլինը ցանկանում է հասնել կլիմայական չեզոքության և մինչև 2045 թվականն ամբողջովին անցնել կանաչ էներգիայի։