Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի երկրորդ շղթայի այգին է. միայն այգու շուրջ 12 բարձրահարկ կա, բնակիչների միակ կանաչ տարածքն է սա, որտեղ երեխաների համար առանձնացված են 1 ֆուտբոլի դաշտ և 2 խաղահրապարակ:
Աիդա Այվազյան (Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ) - Պարզվում ա, որ հրապարակը վաճառված ա, ինձ դիմել են բնակիչները: Սա վաճառվել է աճուրդով:
Խոսքը այգու այս հատվածի մասին է:
Աիդա Այվազյան - Ա՛յ էս տարածքը, ինչպես ինձ ասեցին՝ 110 քմ, դրված էին նախկինում սղարան, բատուտ, ճոճարան: Միայն էս մի սղարանն են կողքի դրել:
Երեխաների համար նախատեսված այդ կարուսելները չկան հիմա, պատմում է 34-րդ շենքի բնակիչը, մոտ 2 շաբաթ առաջ էլ, երբ կրկին բակում աղմուկ էր բարձրացել այս տարածքի հետ կապված, մարզվելու համար նախատեսված այսպիսի հարմարանքներ են տեղադրել, մինչդեռ մարզասարքեր բակում արդեն իսկ կային:
Երբ և ինչ նպատակով է աճուրդով վաճառվել հողակտորը: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում խնդրին տեղյակ են:
Լիպարիտ Վարպետյան (Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ) - Կոնկրետ բողոք ենք ունեցել էս գործով, որի մասին գրությամբ տեղեկացրել ենք, նաև իրազեկում ենք արել, որի ժամանակ էլի բողոքներ եղել են:
Աջափնյակ, 16-րդ թաղամասի բակային տարածքում բացօթյա սրճարանի և խաղահրապարակի համար նախագծման թույլտվության տրամադրման վերաբերյալ 2022-ի սեպտեմբերի 15-ի գրության համաձայն՝ իրենք Ֆեյսբուքի էջում հոկտեմբերին կազմակերպել են իրազեկում: Բնակիչների մեկնաբանությունները փաստում են՝ դեմ են: Վարչական շրջանից տեղեկացնում են՝ բացասական կարծիքը փոխանցել են քաղաքապետարան նոյեմբերին: Այլ տեղեկության չեն տիրապետում:
Լիպարիտ Վարպետյան - Եթե թույլտվությունը տրամադրվում, և նախագիծ է հաստատվում, քաղաքապետարանը մեկ օրինակը փոխանցում է մեզ: Բայց մեզ բան չեն տվել, երևի չեն տվել թույլտվություն:
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին՝ 16-րդ թաղամասի բակային տարածքում բացօթյա սրճարանի և մանկական խաղերի կազմակերպման համար աճուրդի հաղթող Սարգիս Եսայանը սեփականության վկայան ստացել է դեռ 2003 թ.:
Իսկ 2021 թ. մարտին դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը թարմացնելու և նորը ստանալու խնդրանքով: Սակայն նոր նախագծման թույլտվություն չի հատկացվել:
Այնուամենայնիվ տարածքի սեփականատերը կարող է հետագայում նույն պահանջով էլի դիմել, գործընթացը կկրկնվի՝ նորից ուսումնասիրություն, կարծիքներ:
Շինթույլտվություն չունեն, կառուցապատում իրականացնել չեն կարող՝ նշում են քաղաքապետարանից: Վստահեցնում՝ հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված բոլոր վարչական լծակները:
Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը օրենքին է հղում անում:
Լիպարիտ Վարպետյան - Բակային հատված ասելը լայն հասկացություն է, բայց, որպես կանոն, շենքերի բակային հատվածները, նաև հրապարակներին, պուրակներին կից հատվածները օտարման ոչ ենթակա հողամասեր են:
Արդյոք այս դեպքը շրջանցե՞լ է օրենքը, թե ոչ՝ բնակիչ Աիդա Այվազյանը նշում է՝ գրություններ ուղարկելու է նաև իրավապահ մարմիններին: Ձեռքի նամակներն է ցույց տալիս՝ այս երկուսն էլ նախատեսված են փոխքաղաքապետ Ավինյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկելու համար: Նկարահանումից հետո էր գնալու: Ավելի ուշ զանգով տեղեկացրեց՝ վարչապետի աշխատակազմից ընդունել են իրեն, վերցրել նամակը, վստահեցրել՝ 7 օրվա ընթացքում կպատասխանեն:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան