Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, սամբոյի աշխարհի առաջնություն, սուսերամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարեր՝ Հայաստանում այս տարի անցկացվելիք մարզական խոշոր մրցաշարերի ցանկն է: Լուրջ ծրագրեր կան նաև առաջիկա մի քանի տարվա համար: Դրանց հաշվառմամբ էլ ներկայացվել են սպորտի և ֆիզկուլտուրայի ենթաոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտը և միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք 2024 թ. զանազան ծրագրեր ունենք, նախ՝ տարին օլիմպիական է, արդեն դա ենթադրում է շատ ծախս, մենք, ենթադրաբար, մի քանի մեծ մրցումներ ենք անցկացնելու, հատկապես շատ ենք ուզում անցկացնել ծանրամարտի աշխարհի առաջնությունը և դրա համար պիտի գումար դնենք միջնաժամկետ ծախսային ծրագրում, որպեսզի 2024-ին այդ ամենը կարողանանք իրականացնել:
Փոխնախարարը նշում է՝ ձմեռային մարզաձևերի և մարզահագուստի հետ կապված պարբերաբար որոշակի խնդիրներ են առաջանում, քանի որ չեն հասցնում տարվա սկզբից ֆինանսավորումն իրականացնել: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատումը հնարավորություն կտա նման ծախսերը պլանավորել դեռ հաշվետու տարին չսկսած, այդպիսով՝ խնդիրները կկարգավորվեն:
Կարեն Գիլոյան - Մտածել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրում ընդգրկել մեկ տարի շուտ էդ գումարները, որպեսզի հաջորդ տարի էդ ձմեռային մարզաձևերի դեպքում որևէ խնդիր չունենանք, և եթե հունվարի 5-ին միջոցառում ունենք, արդեն հունվարի 5-ից գումարը տանք, ֆինանսավորենք և ոչ թե սպասենք, որ ֆինանսական տարին սկսվի, զանազան պայմանագրեր կնքվեն, հրամաններ լինեն, նոր դրանից հետո կարողանանք էդ փողերը տանք:
Հեղինակավոր մրցաշարերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար հայ մարզիկներին շարունակաբար աջակցություն է հատկացվում. աջակցության ծախսեր են նախատեսված նաև առաջիկա տարիների համար: Իրականացվելու են նաև մարզադպրոցների շինարարություններ:
Յուրաքանչյուր տարի գործող մարզադպրոցների համար ձեռք է բերվում գույք: Փոխնախարարի խոսքով՝ մարզադպրոցների շինարարությունների ավարտից հետո հնարավոր է դրանց համար ևս գույք ձեռք բերեն, որը կիրականացվի արդեն առանձին ծրագրով:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան