Ռուբլու արժեզրկումը՝ խնդիր արտահանողների համար: Վերջին օրերին՝ տարեսկզբի համեմատ, ռուբլին դրամի, նաև դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 20 տոկոսով: Դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի արժևորման պայմաններում հայ արտահանողներն ավելի էին կենտրոնացել ռուսական շուկայի վրա: Ռուբլու արժեզրկման վրա, ըստ փորձագետների, ազդել են միջազգային հանքահումքային ապրանքների գները, մեր երկիր ռուսական արժույթի մեծ հոսքը, նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի վարած փողի ծավալի ավելացման քաղաքականությունը:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Միևնույն ժամանակ ռուսական ռուբլի-ամերիկյան դոլար էսպես ասած քրոսս փոխարժեքն ա փոփոխվել, ինչը էսպես ասած բոլոր հիմնական ուղղություններով ազդում ա փոխարժեքի շուկայում նոր ավելի ցածր հավասարակշռված փոխարժեքի ձևավորմանը, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանը լողացող փոխարժեքի ռեժիմում ա գտնվում, բացառություն չի նաև դրամ-ռուբլի փոխարժեքը, և, հետևաբար, որքան ավելանում ա ռուբլու առաջարկը, և դրան զուգահեռ նաև նվազումա դրա պահանջարկը, բնական ա, որ շուկան պետք ա արձագանքի, և ավելի ցածր փոխարժեք արձանագրվի:
Այս տարվա հունվար-փետրվարի տվյալով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը հասել է 509 մլն դոլարի, ինչն ընդհանուր արտահանման 51.3 տոկոսն է: Արտահանողներն իրավիճակը ճգնաժամային են համարում և ակնկալում են նաև պետական աջակցություն:
Էմիլ Ստեփանյան («Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր) - Մենք չենք ուզում ասել, որ պետությունը ոչինչ չի անում, բայց պետության ծրագրերը շատ լավ են կամ սովորական պայմանների համար, վերջերս էս մի տարի է, որ ճգնաժամային իրավիճակում գտնվող արտահանման ոլորտի համար առնվազն բավարար չէ այն, ինչ-որ այսօր անում է պետությունը:
Հնարավոր է որոշակի գործիքակազմով ազդել շուկայի վրա, սակայն Հայաստանում փոխարժեքը լողացող է և միջամտությունը կարող է երկակի ազդեցություն ունենալ, նշում է Հայկ Բեջանյանը:
Հայկ Բեջանյան - Եթե մի կողմից նպաստելու է մեր արտահանման զարգացմանը, մյուս կողմից խնդիրներ է ստեղծելու ներմուծողների և հատկապես ներքին գնաճային միջավայրի համար և էստեղ հստակ և համապարփակ գնահատականներ են պետք:
Ըստ Էմիլ Ստեփանյանի՝ տվյալ պարագայում արտահանման շուկաները դիվերսֆիկացնելու հնարավորություն չկա, քանի որ, թե՛ դոլարի, թե՛ եվրոյի և թե՛ ռուբլու նկատմամբ դրամն էականորեն արժևորվել է:
Էմիլ Ստեփանյան - Ես հասկանում եմ, որ իհարկե, ներմուծման տեսանկյունից էժանանում է նաև ներմուծված արտադրանքը՝ այդ թվում նաև հումքը ներմուծված, որը ինչ որ տեղ փոխհատուցում է արտահանողների կրած վնասները, բայց ամեն դեպքում կարող են ինչ-որ նպատակային ծրագրեր ակնկալել արտահանողները՝ ինչ-որ քեշբեքերի տեսքով, ցանկացած տեսքով, որը կփոխհատուցի իրենց կրած վնասները:
Կա նաև որոշակի սեզոնայնության գործոն փոխարժեքի պարագայում՝ ընդգծում է Հայկ Բեջանյանը՝ հավելելով, ռուբլին ևս բացառություն չէ, և սովորաբար տարվա առաջին կիսամյակում անկումներ լինում են:
Հայկ Բեջանյան - Հետագայում միայն գյուղատնտեսական սեզոնի ակտիվացման պարագայում որոշակի հակադարձ զարգացումներ են սպասվում, բայց նաև չպետքա մոռանանք, որ վերջին 1 տարվա ընթացքում նաև ընկալումներնա փոխվել, քանի որ փոխվելա ֆինանսական հոսքերի և արտահանման ապրանքախմբի կառուցվածքը:
Էկոնոմիկայի նախարարությունից «Լուրերին» հայտնեցին, որ արտահանողների հարցն իրենց օրակարգում է, սակայն այս պահին դեռևս հստակ չէ, թե ի՛նչ տարբերակով խնդիրը կլուծվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան