ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՍՆԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածությանն է անդրադարձել Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը: «Թեհրանը բազմիցս ապացուցել է, որ հարգում է անկախ երկրների տարածքային ամբողջականությունը։ Իրանը մշակութային ընդհանրություններ ունի իր բոլոր հարևանների հետ, և եթե առկա տարաձայնությունները հարթվեն այդ ընդհանրությունների հիման վրա, անիմաստ թշնամանքի պատճառներ չեն լինի»,- նշել է Ալի Աքբար Վելայաթին։
Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները պետք է ինքնուրույն հասնեն խաղաղության և թույլ չտան արտաքին միջամտություն: «Եթե կողմերը չաշխատեն իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ՝ խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով, ոմանք կձգտեն ջուրը պղտորել՝ իրենց ցանկալի ձուկը բռնելու համար»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը։
Վելայեթին նշել է, որ Իրանի հարևան տարածաշրջանների շարքում Կովկասն առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի Թեհրանն ավելի զգայուն է և ուշադիր այս տարածաշրջանի նկատմամբ:
ՌԴ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԲԱԽՄՈՒՏԻ 80 ՏՈԿՈՍԸ. ՊՐԻԳՈԺԻՆ
Բախմուտում կատաղի մարտերը շարունակվում են: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտում և Սոլեդարում ուկրաինական կողմն ունի շուրջ 32.000 կորուստ։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ռուսական կողմը վերահսկում է Բախմուտի 80 տոկոսը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը չեն պատրաստվում լքել քաղաքը և դիմադրում են։ Պրիգոժինը նաև նշել է, որ ուկրաինական կողմը հակահարձակման համար պատրաստում է 200-400 հազար զինվորական: «Հակառակորդին չի կարելի թերագնահատել»,- շեշտել է նա։
Բրիտանական հետախուզությունն էլ հայտնում է, որ «Վագների» մարտիկները և Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները ակտիվացրել են Բախմուտում հարձակողական գործողությունները: Նշվում է, որ քաղաքի արևմտյան թաղամասերը դեռ Կիևի վերահսկողության տակ են, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ուժերը ենթարկվել են ինտենսիվ հրետանային հարվածների և մատակարարման զգալի դժվարությունների պատճառով ստիպված են զիջել դիրքերը։
ՌԴ ԶՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը զգուշացվել է չպլանավորված ստուգումների մասին և բերվել մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Նավաստիները պետք է կանխեն պայմանական թշնամու մուտքը Օխոտի ծովի հարավային հատված, Սախալին և Կուրիլյան կղզիների հարավ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
Վարժանքին կներգրավվեն նաև Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները: Գործողության նպատակն է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը, «օվկիանոսից և ծովային տարածքներից թշնամու հնարավոր ագրեսիան հետ մղելու» կարողությունը։ Որքան կտևեն վարժանքները՝ չի հստակեցվում:
ՊԵԿԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՉԺՀ ԵՎ ԳԴՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Աննալենա Բերբոքը և Ցին Գանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, ինչպես նաև աշխարհում վերջին զարգացումները: Գերմանացի դիվանագետը կոչ է արել Պեկինին ազդել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը։
«Մարտի 20-ին Սի Ծինփինի այցը Մոսկվա ցույց տվեց, որ ոչ մի երկիր Մոսկվայի վրա այնքան ազդեցություն չունի, որքան Չինաստանը: Պեկինը ձգտում է նպաստել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղ կարգավորմանը, նույնն ակնկալում ենք նաև Մոսկվայի և Կիևի հարցում»,- ասել է Բերբոքը։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է կանխել Ռուսաստանին զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է երկարաձգել հակամարտությունը։
Ցին Գանը, իր հերթին, նշել է՝ ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցությունների խթանումն է։ Նրա խոսքով՝ Պեկինը պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Չինացի դիվանագետը նաև հավատացրել է, որ Չինաստանը պատերազմի կողմերից ոչ մեկին զենք չի տրամադրի:
Անդրադարձ է եղել նաև Թայվանի շուրջ լարվածությանը, վերջերս Կալիֆոռնիայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Թայվանի ղեկավարի հանդիպմանը, որից հետո ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այս զարգացումների ֆոնին Թայվանին հարող տարածքներում Չինաստանի զորավարժություններին:
Բերբոքը հայտարարել է, որ Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի բռնի փոփոխությունն անընդունելի է: Նա Պեկինին կոչ է արել առկա խնդիրները լուծելու համար ուժ չկիրառել: Գերմանիայի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Թայվանի շուրջ էսկալացիան դրամատիկ հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար՝ հաշվի առնելով, որ նեղուցով իրականացվում է համաշխարհային առևտրի 50%-ը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն էլ հորդորել է Թայվանի հարցում խուսափել ռազմավարական սխալ գնահատականներից։ «Մենք կպաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ «Մեկ Չինաստանի» սկզբունքը բացառում է Թայվանի անկախությանը», - զգուշացրել է Ցին Գանը:
Նա հույս է հայտնել, որ Չինաստանն ու Գերմանիան կհարգեն միմյանց շահերը: