Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 13-ին ծանոթացել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը, և ուրախ է, որ հանդիպմանը ներկա է նաև նախկին Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Թե՛ իմ, թե՛ տիկին Գրիգորյանի, թե՛ մեր բոլոր գործընկերների համար առանցքային է կառույցի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Ուստի կարևոր է, որ մենք նաև սիմվոլիկ տեսանկյունից կարողանանք ցույց տալ այս հաստատության կազմավորման պահից ձևավորված ու անընդհատ կատարելագործվող ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Պաշտպանը։
Քրիստիննե Գրիգորյանն իր հերթին շնորհավորել է Մանասյանին ՄԻՊ պաշտոնում ընտրվելու կապակացությամբ, նշել, որ հաստատությունը շատ լավ ձեռքերում է: «Տիկի՛ն Մանասյան, դուք ևս լավ ձեռքերում եք։ Մաղթում եմ ամենայն հաջողություն։ Իմ սիրտը միշտ ցավում ու ցավելու է հաստատության համար։ Ես ուրախանալու ու հպարտանալու եմ գրանցված հաջողություններով, միշտ լինելու եմ հասանելի, ձեր տրամադրության տակ, որովհետև շատ կարևոր է, որ այս հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ»,- ասել է Գրիգորյանը։
Անահիտ Մանասյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվել է ապրիլի 12-ին, միաձայն։