ԻՐԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ. ՆԻՔԶԱԴ
Իրանի խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Թեհրան-Բաքու հարաբերություններին: Ալի Նիքզադի խոսքով՝ Իրանը հզոր երկիր է, որը միշտ հարգանք է տածել հարևան երկրների նկատմամբ:
«Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը սխալվեց և չնայած տարբեր երկրների աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, այդ իսկ պատճառով Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս հարգել բարիդրացիականության սկզբունքը»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Նիքզադը մեկնաբանել է նաև վերջերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, շեշտել, որ հանցագործը անձնական դրդապատճառներ է ունեցել, և այդ հողի վրա դիվանագիտական որևէ առճակատում անընդունելի է:
«Վերջերս էլ Ադրբեջանը իրանցի 4 դիվանագետի է արտաքսել: Անշուշտ, մեր ԱԳՆ-ն փոխադարձ քայլեր կձեռնարկի, բայց նման վարքագիծը լավ ավարտ չի կարող ունենալ: Իրանը համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է նա, կոչ արել Բաքվին Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնել խաղաղ պայմաններում:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԲԵՐՎԻ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարարը տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան Սիրիայի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների համար որևէ նախապայման չի ընդունի: Մևլութ Չավուշօղլուն զգուշացրել է՝ թուրքական զորքերը Սիրիայի տարածքից դուրս չեն բերվի։
«Ապագայում Դամասկոսի հետ շփումներ հնարավոր են, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Իսկ եթե մենք հեռանանք Սիրիայից, Թուրքիայի հասցեին կրկին սպառնալիքներ կսկսեն հնչել»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Դամասկոսը պետք է վերացնի Թուրքիայի դեմ սահմանային բոլոր սպառնալիքները, սակայն Անկարան այդ հարցում առաջընթաց չի տեսնում։ Խոսքը Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումների մասին է, որոնք Թուրքիայում ահաբեկչական են ճանաչվել: Չավուշօղլուն հայտարարել է, որ հարկավոր է կենդանացնել Անկարա-Դամասկոս հարաբերությունների խաղաղ կարգավորման շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց մասնակցում են Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիան և Իրանը:
Թուրք դիվանագետը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանը դիմել է «Զարգացող ութնյակ» կազմակերպությանն անդամակցության համար։ Չավուշօղլուն ընդգծել է՝ կազմակերպությունը, որի անդամներն են Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան, բարեփոխումների կարիք ունի:
ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱՄՆ իրավապահները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացի Ջեք Դուգլաս Թեյշեյրիին, որը կասկածվում է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար՝ հայտարարել է արդարադատության նախարար Մերիկ Գարլենդը։ Փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ ԱՄՆ անվտանգության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների աշխատանքի մասին, դրանց իսկությունը դեռ ստուգվում է: Գարլենդը տեղեկացրել է, որ Թեյշեյրին 21 տարեկան է և ծառայում է Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերն էլ համոզմունք է հայտնել, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը դիտավորյալ հանցագործություն է:
The New York Times-ը գրում է, որ 21-ամյա երիտասարդը կարող է դատապարտվել տասնյակ տարիների ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվելու լրտեսության մասին օրենքը խախտելու համար, ինչի հետևանքով սոցցանցերում հայտնված տեղեկությունները կարող էին օգտագործվել ի վնաս Միացյալ Նահանգների կամ հօգուտ օտար պետությունների: Պարբերականի տվյալով՝ օրենքը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում, սակայն կասկածյալին կարող են յուրաքանչյուր փաստաթղթի հետ կապված առանձին մեղադրանք առաջադրվել։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ
Ֆրանսիայի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում, կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Արհմիությունները հայտնում են, որ ակցիաներին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ: Ներքին գործերի նախարարության տվյալով՝ ցուցարարների թիվը 380 հազար է կազմել։
Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են եղել, վերջիններս հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկեր։ Մի շարք ցուցարարներ էլ հարձակվել են Փարիզի Բաստիլի հրապարակում գտնվող Ֆրանսիայի բանկի շենքի վրա: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Կան տուժածներ և ձերբակալվածներ:
Այժմ իշխանությունները սպասում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական խորհրդի եզրակացությանը։