Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ սահմանամերձ Տեղ գյուղի վրա Ադրբեջանի վերջերս իրականացրած սադրանքի կապակցությամբ:
«Նախկինում Հայաստանի ինքնիշխանության նմանատիպ փոքրածավալ խախտումները Հայաստանի վրա ավելի լայնածավալ հարձակումների ազդանշան էին։ Ադրբեջանը, կարծես, համոզված է հայկական տարածքի և հայ ժողովրդի նկատմամբ իր գործողությունների համար անպատժելի լինելու մեջ, քանի որ 2016 թվականից ի վեր ցեղասպանության հետ կապված միջազգային իրավունքի իր աղաղակող խախտումների համար միջազգային հանրության կողմից լուրջ հետևանքների չի բախվել:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Ադրբեջանի անպատժելիությանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը դուրս բերելու խաղաղության իրական ուղու վրա, որը ճանաչում է հայերի գոյության իրավունքը՝ անվտանգության պայմաններում և առանց հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանության կրկնակի սպառնալիքների»,- ասված է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում բոլոր միջազգային և պետական մարմիններին հետևել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական գաղափարախոսությանն ու պրակտիկային, ճնշում գործադրել այդ պետությունների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց ցեղասպանական սպառնալիքները հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև ամրապնդեն հայերի անվտանգությունն ու հայկական ինքնությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքահայ համայնքներում: