Հարձակվողը միշտ Ադրբեջանն է եղել, նորանկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրը երբեք ագրեսոր չի եղել. խորհդարանական ընդդիմության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի գնահատականն է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային: Բայց նա միջադեպի հետ կապված հարցեր ունի. ինչո՞ւ հայկական կողմը կրակ չի բացել մեր դիրքի ուղղությամբ շարժվող ադրբեջանական մեքենայի ուղղությամբ:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Պարզ հարց եմ տալիս, չեմ բարդացնում, քաղաքական շղարշ չեմ ավելացնում։ Կա՛մ եղել է բանակցություն, այդ դեպքում ո՞վ է եղել բանակցողը, իսկ եթե բանակցություն չի եղել, ապա ինչո՞ւ կրակ չի բացվել։ Հարցը մինչև այսօր անպատասխան է:
Հայկ Մամիջանյանը հարցադրում ունի նաև Արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը տեղյա՞կ էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնած ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ:
Հայկ Մամիջանյան - ՀՀ ամենատարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով ասել են, որ ԵՄ դիտորդական թե՛ նախորդ, թե՛ գործող առաքելության զեկույցներն իրենք չեն ստանում, հարց՝ Ադրբեջանը ստանում է, ՀՀ-ը չի՞ ստանում: Ֆիքսենք, որ, ըստ ազատ տեղեկատվության, ստացվում է, որ Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան պաշտոնական Երևանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ դեմ չէ ԵՄ դիտորդական առաքելությանը, քանի որ կողմ է ցանկացած միջազգային երաշխիքի, բայց հիշեցրեց, որ նախորդ անգամ ՝ ԵՄ երկամսյա դիտորդական առաքելության ընթացքում, սահմանին եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ:
Հայկ Մամիջանյան - Դրա արդյունքում քաղաքականության փոփոխություն մենք չենք տեսել: Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին:
Խորհրդարանական երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ տեղի ունեցածում իշխանության բացթողումն է տեսնում:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղիով, և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և՛ ամրաշինական աշխատանքներ, և՛ տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։
Մանուկյանի համար անհասկանալի է նաև իրավիճակը, որ երեք օր շարունակ ադբեջանցի զինվորը շրջել Սյունիքում։ Պատգամավորը մանրամասներ չասաց, բայց վստահեցրեց, որ երեկ խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպմանը ներկա ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվություն չի կարողացել տալ՝ պատճառաբանելով, որ նոր է տեղի ունեցել։
Գեղամ Մանուկյան - Մարդու հավատը չի գալիս՝ Սիսիանից հասնի մինչև Կապան, ինքնին արդեն արտառոց ու խայտառակ դեպք է:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը», մինչդեռ, վստահ է՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան Հայաստանի զինված ուժերն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը, կանգնեցրել են հակառակորդի սադրանքները: Ինչ վերաբերում է թերացումներին, որոնց մասին Կառավարության նիստում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորները նշեցին, որ դրանց մասով ծառայողական քննություն կլինի:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, եթե ԶՈՒ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին ու կտեղակայվեին այնտեղ: Հետագայում պետք է ելնենք նրանից, որ ԶՈՒ-ի և՛ կարողությունները, և՛ ուժը, և՛ բովանդակությունը պետք է լինեն այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է՝ մերն է, եթե դրանից ավել հակառակորդը ոտնձգություն պետք է անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Եվ այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի, ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ վարչապետի հանձնարարականները եղել են մինչև առաջխաղացումը: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե հակառակորդի սադրանքները իշխանության բացթողումն են, Արթուր Հովհաննիսյանն ասաց.
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Սա հերթական բացահայտում է ընդդիմության էության, որովհետև երեկվա փակ հանդիպման ընթացքում ընդդիմության համար ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել, ակնհայտորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ տարածքում՝ սուվերեն տարածքի նկատմամբ: Երբ այս դեպքում ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս՝ ՀՀ ԱԺ պատգամավոր ոչ թե հասցեական ասում է, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցում է մի թեզ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, կներեք, այստեղ գործ ունենք 5-րդ շարասյան գործելակերպի հետ:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն անդրադարձան նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու հարցին: Քոչարյանի խոսքով՝ այդ որոշման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում չշրջանցվեց նաև ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ պարզաբանում է խնդրել:
Արթուր Հովհաննիսյան - ՀՀ-ն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման:
Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց Զախարովայի մյուս հայտարարությանը, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ Տեղ գյուղում սադրանքները դադարեցնելու ուղղությամբ: Պատգամավորը կասկածի տակ չդրեց ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչի խոսքը, բայց վստահեցրեց՝ եթե Հայաստանի զինվորները չկռվեին՝ որևէ զանգ իրավիճակի վրա չէր ազդի:
Հեղինակ՝ Անի Օհանյան