Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Հայաստանի գլխավոր դիվանագետը ներկայացրել է ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 4 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՋԱՆՔԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Սամարղանդում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ մատնանշվել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի: Նշվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է իր հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար:
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024-ին Գյումրին «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026-ին Կապանը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները:
Նշվել է, որ ԱՊՀ կանոնադրության ստորագրման 30-րդ հոբելյանական տարում անցկացվող հանդիպումը առիթ է՝ վերահաստատելու մասնակից պետությունների հավատարմությունը առանցքային փաստաթղթի հիմնարար դրույթներին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, պետական սահմանների անքակտելիությանը, գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը և ապօրինի տարածքային նկրտումներից հրաժարվելուն, Ալմա Աթայի հռչակագրի դրույթների կյանքի կոչման վճռականությանը: