ՀՈՒԹԻՆԵՐՆ ՈՒ ԵՄԵՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ
Հութիների և Եմենի պաշտոնական կառավարության միջև գերիների փոխանակման շրջանակում «Անսար Ալլահ» շարժման 249 կողմնակից ուղարկվել է Ադեն քաղաք՝ այնուհետև նրանց Սանա տեղափոխելու համար, հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը: Ընդհանուր առմամբ առաջիկա օրերին կփոխանակվի շուրջ 900 գերի: «Անսար Ալլահ» շարժման փոխանցած գերիների շարքում կան Սուդանի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից: «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոն հայտարարել էր, որ Եմենի վրա հարձակմանը Սաուդյան Արաբիայի և Միացյալ Էմիրությունների մասնակցությունը «մեծ սխալ էր»:
Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի և Օմանի պատվիրակությունների միջև քննարկումներ էին ընթանում՝ հութի ապստամբների և կառավարության միջև վերջնական զինադադար հաստատելու ուղղությամբ: Լրատվամիջոցները նշում էին, որ համաձայնության դեպքում Եմենի՝ շուրջ 10 տարի ձգվող պատերազը կարող է ավարտվել մինչև Ռամադան ամսվա վերջ:
Հատկանշական է, որ բանակցությունները ծավալվում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին:
ԻՐԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ. ՆԻՔԶԱԴ
Իրանի խորհրդարանի փոխնախագահը, անդրադառնալով Բաքու-Թեհրան դիվանագիտական լարվածությանը, հայտարարել է, որ Իրանը միշտ հարգել է հարևան երկրներին: Նա մեկնաբանել է վերջերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, շեշտել, որ հանցագործը անձնական դրդապատճառներ է ունեցել, և այդ հողի վրա դիվանագիտական որևէ առճակատում անընդունելի է:
«Վերջերս էլ Ադրբեջանը իրանցի 4 դիվանագետի է արտաքսել: Մեր ԱԳՆ-ն փոխադարձ քայլեր կձեռնարկի, բայց նման վարքագիծը լավ ավարտ չի կարող ունենալ», - ասել է Ալի Նիքզադին:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՍՆԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Թեհրան-Բաքու հարաբերություններին անդրադարձել է նաև Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը:
«Թեհրանը բազմիցս ապացուցել է, որ հարգում է անկախ երկրների տարածքային ամբողջականությունը», - նշել է Ալի Աքբար Վելայաթին։
Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները պետք է ինքնուրույն հասնեն խաղաղության և թույլ չտան արտաքին միջամտություն:
«Եթե կողմերը չկատարեն խաղաղություն հաստատելու հարցում իրենց պարտավորությունները, ոմանք կփորձեն առիթից օգտվել»,- ասել է պաշտոնյան։
Վելայեթին շեշտել է՝ Կովկասն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար:
ՌԴ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԲԱԽՄՈՒՏԻ 80 ՏՈԿՈՍԸ. ՊՐԻԳՈԺԻՆ
Բախմուտում կատաղի մարտերը շարունակվում են: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտում և Սոլեդարում ուկրաինական կողմն ունի շուրջ 32.000 կորուստ։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ռուսական կողմը վերահսկում է Բախմուտի 80 տոկոսը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը դիմադրում են։
Պրիգոժինը նաև նշել է, որ ուկրաինական կողմը հակահարձակման համար պատրաստում է 200-400 հազար զինվորականի:
«Հակառակորդին չի կարելի թերագնահատել», - շեշտել է նա։
Բրիտանական հետախուզությունն էլ հայտնում է, որ Վագների մարտիկները և Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները ակտիվացրել են Բախմուտում հարձակողական գործողությունները: Վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ուժերը ենթարկվել են ինտենսիվ հրետանային հարվածների և մատակարարման զգալի դժվարությունների պատճառով ստիպված են զիջել դիրքերը։
ՌԴ ԶՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը բերվել է մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Նավաստիները պետք է կանխեն պայմանական թշնամու մուտքը Օխոտի ծովի հարավային հատված, Սախալին և Կուրիլյան կղզիների հարավ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Վարժանքին կներգրավվեն նաև Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները:
ՊԵԿԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՉԺՀ ԵՎ ԳԴՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Անալենա Բերբոքը կոչ է արել Պեկինին ազդել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է կանխել Ռուսաստանին զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է երկարաձգել հակամարտությունը։
Ցին Գանն, իր հերթին, նշել է՝ ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, նա նաև հավատացրել է, որ Չինաստանը պատերազմի կողմերից ոչ մեկին զենք չի տրամադրի:
ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱՄՆ քաղաքացի Ջեք Դուգլաս Թեյշեյրիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար: Նա 21 տարեկան է և ծառայում է Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը դիտավորյալ հանցագործություն է:
Թեյշեյրին տեղափոխվել է Բոստոնի դատարան: The New York Times-ը գրում է, որ երիտասարդը կարող է դատապարտվել տասնյակ տարիների ազատազրկման: