Եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, ապա ինչու դեռևս վերադարձված չեն 33 ռազմագերիները, ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Ալեն Սիմոնյանն այսպես է հակադարձել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի մեղադրանքներին: ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում ու դրան հաջորդած ճեպազրույցին Հայաստանի ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ցանկանում է հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մենք առաջարկում ենք սահմանից հետ քաշել զինված ուժերը, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի համաձայնում, եթե նա հաղթել է պատերազմում: Եթե փակված է Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչու են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողներ: Կամ հարցը փակված չէ, կամ ադրբեջանցի զինծառայողները զոհվում են, ցավոք, հայտնի չէ՝ ինչի համար:
Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չունի, մինչդեռ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը մշտապես ունի, և այդ մասին հայտարարում է ամենաբարձր մակարդակով. արձանագրել է Սիմոնյանն ու ընդգծել՝ այն, որ Բաքուն ապակառուցողական մոտեցումներ ունի, արձանագրված են նաև միջազգային կառույցների հասցեական հայտարարություններում:
ԲԱՔՈՒՆ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ալեն Սիմոնյան - Վերջ ի վերջո, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու մինչև օրս Ադրբեջանը չի ստորագրել ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը: Կուզեի ուշադրություն հրավիրել նաև Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ տիկին Գաֆարովայի հայտարարությանը: Նրան հայտնաբերել են քաղաքացիական անձինք: Կասկած կա, որ նա սպանել է խաղաղ բնակչի:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ակնկալում է, որ Ադրբեջանի դատախազությունն, ի վերջո, կհետաքննի 2022-ի սեպտեմբերին Իշխանասարում ադրբեջանական ուժերի կողմից հայ անզեն զինծառայողների գնդակահարության դեպքը: Սաբիհա Գաֆարովան նման հայտարարություն էր արել նախորդ հանդիպմանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում եւս Սիմոնյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգության ճգնաժամին, ընդգծել, որ այս իրավիճակը նոր սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:
Ալեն Սիմոնյան - Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման և շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:
Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ` Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին. այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:
Ալեն Սիմոնյան - Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ մինչև օրս Ադրբեջանն արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Սիմոնյանն ընդգծել է, որ ջնջելով հայկական տառերն ու փշրելով խաչքարերը՝ Ադրբեջանը չի կարող փոխել պատմությունը:
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նաև Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ, ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում: Սիմոնյանը նաև մտահոգություն է հայտնել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի գործակցության վերաբերյալ: