Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում: Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ ևս մեկն է եղել:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Բոլոր ուժային կառույցների, ժողովրդի, «Հայանտառի», Զանգեզուր կենսոլորտային համալիրի, ժողովրդի արձագանքը, որ լինեն աչալուրջ, տվեց արդյունքը, և ադրբեջանցի ստահակը ձերբակալված է:
Աղվանի գյուղից անտառապահ Արա Սուքիասյանն օրեր շարունակ մասնակցել է ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներին: Այսօր Կապանից վերադառնալիս հենց այս ճանապարհի վրա տեսել է նրան:
Արա Սուքիասյան (Սյունիքի բնակիչ, անտառապահ) - Ես ու տիկինս էինք, կարող է` էս էն լակոտն ա, կարող է` ինչ կա, որ ավտոն կանգնացրի, տեսա՝ չի երևում, պախկվել ա, ավտոն ֆռցրի: Որ գնացի՝ երկու տղա` 24-ով ու 07-ով, ասի՝ ախպե՛ր, ես դրա հետևից եմ գալիս, ասեցին` պարսիկ ա, ասեցի՝ ի՛նչ պարսիկ, թուրք ա, ասեցի` նկարը մոտս ա: Միլիցիայից եկան, մոտը պատրոն կար` 15-20 հատ կար, մի հատ ատվյորկա կար սև: Գլխարկը, ասեցի՝ հանի, աչքն էր կոխել, որ չճանաչեն: Աճանանի ճամփով քայլում էր, առանց զենք, որևէ բան, քայլում էր, որ իրանց ֆորմայով էր, ասեցի՝ կարող ա էս էն լակոտը լինի:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե երկու զինծառայող վատ եղանակի ու սահմանափակ տեսանելիության պայմաններում մոլորվել է: Մինչդեռ այսօր հայտնաբերված ադրբեջանցին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ իրենք եկել են Հայաստան, հայերի արյուն են թափել, 400-500 գլուխ կտրել: Լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, թե չորեքշաբթի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդուն սպանել է ադրբեջանցի զինծառայողը, կասկածներ կան, որ նա ուղիղ եթեր է մտել հենց սպանված հայ տղամարդու հեռախոսից:
Ռոբերտ Ղուկասյան - Ինչ վերաբերում է Քաջարանի դեպքերին, չեմ կարող ասել` որևէ առնչություն ունի, թե ոչ, կարծում եմ՝ համապատասխան մարմինները հանդես կգան հայտարարություններով:
Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր՝ ԶՊՄԿ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել են դիակի համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Գոռ Աբրահամյան (ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար) - ՔԿ-ն տեղեկացվել է ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն կոմիտեում քննվող վարույթ իրականացվող չի ներկայացվել, չեն փոխանցվել նաև նյութեր, հետևաբար` սպանությանը վերջինիս առնչության վերաբերյալ տեղեկատվություն չունի ՔԿ-ն: Սպանության վարույթով անձին հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են, ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզության հանձնարարություն:
Ադրբեջանցի զինծառայողի մայրը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ որդին պայմանագրային զինծառայող դառնալու միտք է ունեցել: Նա պնդել է, որ ադրբեջանցի զինծառայողը բանակից բողոք չի ունեցել: Մինչդեռ ապրիլի 10-ին հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցին քննչական գործողությունների ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանում իրեն նվաստացրել են, այդ պատճառով էլ հատել է սահմանը: