ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ավարտել է այցը Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։
Այցը կենտրոնացած էր անվտանգության առկա մարտահրավերների և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ նախագահը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Քննարկումների հիմքում ընկած են եղել տևական և կայուն խաղաղությանն ուղղված՝ ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրներին լուծումներ գտնելու ջանքերը։
Հայաստանում նախարար Օսմանին հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի և խորհրդարանականների հետ։ Քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ իր հանդիպման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է կազմակերպության հետ նախագծային համագործակցության ընդլայնման հնարավորությունն անվտանգության բոլոր ասպեկտներում: