Արայիկ Հարությունյան (Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) - Առանց չափազանցության` Երևանը առաջիկա 2 շաբաթներին լինելու է աշխարհի ծանրամարտի մայրաքաղաքը:
Անել առավելագույնը և լավագույն ձևով. Հայաստանի դիրքորոշումն է առաջնությունը կազմակերպելիս: Ջանք չի խնայվել, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երևանյանը լինի լավագույնը: Մեկնարկից մեկ օր առաջ բացման արարողության անակնկալների մասին այլ մանրամասներ կազմակերպիչները չեն հայտնում: Հայաստանի սահմանած նշաձողից հիացած են նաև Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների նախագահները:
Անտոնիո Կոնֆլիտի (Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ) - Որպես մարզական կարևոր իրադարձություն, որի ընթացքում նաև Օլիմպիական խաղերի որակավորման փուլ է լինելու, սահմանված նվազագույն չափորոշիչներն արդեն իսկ բարձր էին: Նման դեպքերում, որպես կանոն, ժամկետի ուշացումներ են լինում, բայց այդ ստանդարտների 99 տոկոսն արդեն Հայաստանն իրականացրել է:
Մուհամեդ Ջալուդ (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ) - Հիացած եմ կազմակերպական աշխատանքով: Հայաստանը համաձայնել է ընդունել հայտ ներկայացրած բոլոր մարզիկներին: Սա այն կարևորագույն կետերից է, որը հնարավորություն կտա ձեր երկրին հետագայում ևս ցանկացած խոշոր մարզական իրադարձություն կազմակերպել:
Գաղտնազերծում է՝ Հայաստանը նաև 2024 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը անցկացնելու հայտ է ներկայացրել: Հյուրընկալելու համար պայքարում են նաև Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան և Պերուն: Հայաստանի հավանականությունը մեծ է, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է նշում, ընդգծում՝ ինքը ևս մեր երկրին է աջակցելու:
Ադրբեջանի մասնակցության մասին. պատվիրակությունը 12 անդամից է կազմված՝ 4 մարզիկ, արդեն Երևանում են:
Արայիկ Հարությունյան - Էս ընթացքում գրագրություն ենք ունեցել ադրբեջանցիների հետ եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ, լրացուցիչ երաշխիքներ են խնդրել, և մենք ապահովել ենք դա էլ. դրանք ուղեկցումներն են, դիմավորումը, լրացուցիչ անվտանգության միջոցառումների անցկացումը:
Ադրբեջանական կողմի հետ մասնակցության մասին քննարկումները եղել են Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին դեպքերից առաջ, մանրամասնել է Արայիկ Հարությունյանը։
Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Մենք մեր ուղուց չպետք է շեղվենք:
Բացման շքեղ արարողությունը ենթադրում է մեծ ֆինանսական միջոցներ. ինչո՞ւ է այդպես որոշվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մանրամասնել է՝ սովորական պայմանների դեպքում Հայաստանի հայտը չէր բավարարվի, քանի որ առաջին անգամն ենք դիմել, և տարիներ հարկավոր կլինեին ուսումնասիրության համար:
Կարեն Գիլոյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Նոր նշաձող էր պետք սահմանել: Այնքան նորություն ենք առաջարկել, որ «Եվրոսպորտ»-ի պես ընկերությունը, որ երբեք բացման արարողություն չեն ցուցադրել, հիմա «Օլիմպիկ չենել»-ի վրա է լինելու ազդանշանը, որ տարբեր ալիքներ հեռարձակեն, այսինքն` մենք նորաձևություն ենք թելադրում:
Այս մրցաշարի շնորհիվ աշխարհում Հայաստանի տեսանելիությունն է բարձրանում, այն լայնորեն լուսաբանելու են համաշխարհային լրատվամիջոցները՝ Անգլիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից և այլ երկրներից տասնյակ լրագրողներ են արդեն ժամանել Երևան:
Արայիկ Հարությունյան - Ցավոք սրտի, քանի որ, չգիտեմ ինչու, նախորդ 30 տարիներին մենք նման միջոցառումներ չենք կազմակերպել, հիմա պետք է բաց չթողնենք հնարավորությունները ավելի լուրջ միջոցառումների:
Այսպիսով, ապրիլի 15-23-ը Եվրոպայի 40 երկրից մոտ 500 ծանրորդ Երևանում կմոտենա ծանրաձողին: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը ապրիլի 14-ին է:
Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները ներկայացված են 10-ական մարզիկներով։
Կազմակերպիչները նշում են՝ քիչ, բայց դեռ տոմսեր կան. մեր ծանրորդներին մարզասերների աջակցությունը հենց տեղում անհրաժեշտ կլինի. վստահեցնում են՝ մերոնք մրցանակային տեղերի համար են պայքարելու:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան