ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ Մասաչուսեթսում ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 102-րդ հետախուզական ստորաբաժանման 21-ամյա աշխատակից Ջեք Թեյշեյրը ձերբակալվել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված լինելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն։
Դատախազի խոսքով՝ Թեյշեյրին կասկածում են պաշտպանության ոլորտում գաղտնի տեղեկատվության «չթույլատրված տիրապետման և տարածման» համար։ Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերն էլ մամուլի ասուլիսի ժամանակ փաստաթղթերի արտահոսքը համարել է «կանխամտածված քրեական հանցագործություն»։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել էին հետաքննություններ, որոնցում նկարագրվում են Ուկրաինայի պատերազմի և այլ միջազգային հարցերի վերաբերյալ Պենտագոնի մեծ թվով փաստաթղթերի արտահոսքի նոր մանրամասներ։ Չորեքշաբթի երեկոյան Washington Post-ը հայտնել էր, որ գաղտնի ֆայլերն իր ընկերների հետ առցանց խաղային չաթի միջոցով տրամադրել է ռազմաբազայի մի երիտասարդ աշխատակից։ Իսկ հինգշաբթի New York Times-ը հայտնել էր, որ իր լրագրողները կարողացել են պարզել այդ տղամարդու անունն ու պաշտոնը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին ասել է, որ չնայած որոշ փաստաթղթերի իսկությունը դեռ պետք է հաստատվի, այնուամենայնիվ ակնհայտ է, որ դրանք ստացվել են տարբեր հետախուզական աղբյուրներից, որոնցից օգտվում է ԱՄՆ կառավարությունը: