Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ մտքեր են փոխանակվել արդի միջազգային հարցերի շուրջ, առանձնացվել են կազմակերպության շրջանակներում համագործակցության ընթացիկ տարվա հիմնական ուղղությունները։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի գնահատականներն աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտը դնելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների վրա: Հանդիպման արդյունքում որոշումներ են ընդունվել՝ ուղղված քաղաքական, մշակութային, հումանիտար և կրթության ոլորտներում ինտեգրացիոն կապերի հետագա ամրապնդմանը։ 2023 և 2024 թվականներին համագործակցության մարզական մայրաքաղաքներ են հայտարարվել, համապատասխանաբար, Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Գյումրին:
Մի շարք հաստատված փաստաթղթեր կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը։