ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքին:
«Հայաստանի զինված ուժերը հակահարված տվեցին, իհարկե, ունեցանք զոհեր: Ես չեմ ուզում այն բանով մխիթարվենք, որ նրանց զոհերն ավելի շատ են եղել, մերը՝ ավելի քիչ, բայց, այնուամենայնիվ, եթե նման կեցվածքը չունենար ԶՈՒ-ն, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ: Հետագայում մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ ԶՈՒ կարողությունները, ուժը, բովանդակությունը պետք է լինեն այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է, մերն է: Դրանից ավելի եթե հակառակորդը պետք է ոտնձգություն անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է»,- ասաց Քոչարյանը:
Նա շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին ու նշել, որ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի:
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: