«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է Զախարովայի հայտարարությանը, թե Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ: Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,- ասաց Հովհաննիսյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձավ Տեղ գյուղի հատվածում կատարվածի վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը:
«Զախարովան նաև ասել էր, որ ՌԴ անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է, թող Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է բացառապես, առաջին հերթին` մեր ԶՈՒ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,- ասաց նա: