Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է ոստիկանության համակարգում ներդնել ատեստավորման նոր համակարգ՝ նպատակով, որ բարձրացվի ծառայության գրավչությունը:
3 տարվա ընթացքում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն կունենան մասնակցելու ատեստավորման ընթացքին: Եթե հաջողությամբ հաղթահարեն, կստանան հավելավճար, կկարողանան ավելի բարձր աշխատավարձով շարունակել ծառայությունը:
Եթե ծառայողն առաջին ատեստացիան հաջող չանցնի, 3 տարվա ընթացքում եւս 2 հնարավորություն կստանա, եթե դրանք էլ չկարողանա անցնել` կազատվի աշխատանքից:
Ներքին գործերի նախարարությունը զբաղվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման հարցաշարերի մշակման աշխատանքներով, ընթացքը փակ և գաղտնի է լինելու:
Ատեստացիան հաջողությամբ հաղթահարած ծառայողները միայն հնարավորություն կունենան հավելավճար ու պատասխանատու պաշտոն ստանալ: