Տարիների դադարից հետո Անի համայնքի ավագանին նիստ է գումարում համայնքապետարանի վարչական շենքում։ 2018-ի հեղափոխությունից հետո Անիի երկարամյա համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ամիսներ շարունակ անեցիները շրջափակման մեջ էին պահում վարչական շենքը։ Համայնքապետը աշխատակազմի և համայնքապետարանի մյուս աշխատակիցների հետ տեղափոխվել և աշխատում էր մշակույթի տանը, այնուհետև` երաժշտական դպրոցում։
Ավագանին այսօրվա նիստում նոր համայնքապետ է ընտրում։ Նիստը սկսվեց կես ժամ ուշացումով։ Մարտի 26-ին Անիում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած և համայնքային իշխանություն ձևավորած ավագանու չորս խմբակցություններից երեքը բոյկոտում էին նիստը։ Այդուհանդերձ, նիստը համարվեց իրավազոր։
Էդիկ Ուռուտյան (Անիի ավագանու ամենատարեց անդամը) - Նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին։
Ավագանու 21 հոգանոց կազմից նիստին ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 11 անդամ։ 7 մանդատ «Ազգ - համայնք» կուսակցությունների դաշինքն ունի, երկու մանդատ՝ «Հայկական երազանք»-ը, մեկը՝ «Իմ հզոր համայնքը»։
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ՝ ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
Առաջնորդվելով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ հրապարակեցին Անիի նորընտիր համայնքապետի անունը։
Էդիկ ՈՒռուտյան - ՔՊ-ն ստացել է 52,49 տոկոսը, ՀՀ ՇՄ Անի համայնքի ավագանին արձանագրում է, որ համաձայն ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի` օրենքի ուժով Արման Ռուբիկի Սարիբեկյանը համարվում է ԱՆի համայնքի ընտրված ղեկավար։
Անիի նորընտիր համայնքապետը շնորհակալություն հայտնեց համայնքի բոլոր բնակիչներին, այնուհետև ավագանու նիստը բոյկոտող անդամներին հորդորեց վերադառնալ կառուցողական դաշտ։
Արման Սարիբեկյան (Անիի համայնքապետ) - Կհորդորեմ ամբիցիաները, քաղաքական նախընտրական մթնոլորտը թողնել անցյալում և կառուցողական դաշտ մտնել, փորձել համայնքի զարգացման մասին մտածել, որովհետև իրենց բոյկոտի արդյունքում համայնքը շատ կարող է տուժել, կան մի շարք ծրագրեր, որոնց քննարկմանը պետք է առնվազն 2/3-ը մասնակցի։
Այսօր համայնքի ավագանին հաստատեց նաև կանոնադրությունը և հրապարակեց Անիի համայնքապետի երդմնակալության օրը. այն տեղի կունենա ապրիլի 15 ին՝ ժամը 12-ին, Անիի արվեստի տանը։