Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով նիստը: 4 տարի պաշտպանության նախարարությունում ծառայած, 7 տարի ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Նիստը սկսվելուն պես դատարանն անդրադարձավ «Լուրեր»-ի միջնորդությանը՝ նիստը տեսանկարահանելու վերաբերյալ, դատավոր Վարդգես Սարգսյանն ասաց՝ այդ հարցին անդրադառնալու համար անհրաժեշտ է մեղադրյալի դիրքորոշումը: Հակոբյանի փոխարեն խոսեց նրա պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը, նշեց, թե Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի է լուսաբանում հատկապես իր գործունեությունը, ինչի համար էլ դեմ են նիստը տեսանկարահանելուն, նրան միացավ նաև ամբաստանյալը:
Նշենք, որ «Լուրեր»-ը բազմիցս դիմել է Տիգրան Աթանեսյանին նաև այս գործով մեկնաբանություն տալու համար, բայց մերժում ստացել:
Նիստը շարունակվեց առանց տեսանկարահանման: Դատարանն անդրադարձավ պաշտպանական կողմի միջնորդություններին: Պաշտպանները միջնորդեցին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հոդվածով քրեական հետապնդումը Հակոբյանի նկատմամբ դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Արշակ Հակոբյան - Չեմ առարկում` իմ հանդեպ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասով դադարեցվի՝ վաղեմությունն անցնելու հիմքով, ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Դատավորը նշեց՝ այդ հիմքով հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ մեղադրյալը ոչ միայն չառարկի, այլև ընդունի իրեն մեղսագրվող արարքը: Հակոբյանը, սակայն, պնդեց՝ իրեն մեղավոր չի ճանաչում: Դատարանն էլ մերժեց միջնորդությունը: Այս որոշումից հետո Աթանեսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով` դատավորը Հակոբյանի իրավունքները խախտում է, և ըստ պաշտպանի՝ չի բացառվում, որ դատավորը ճնշումների ներքո է: Հանրային մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ, այն ևս մերժվեց:
Վարդգես Սարգսյան (դատավոր) - Ինձ վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել. բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ինձ վրա կարող է ճնշում գործադրվել, ուրեմն հավանաբար խաբվել են իմ շատ բարի արտաքինին:
Այնուհետև դատարանն անդրադարձավ Արշակ Հակոբյանի խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելու, փոխելու, ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությանը: Հանրային մեղադրող Արսեն Գևորգյանը նշեց՝ խափանման միջոց կալանքը փոխելու հիմքեր չկան, և այն ենթակա է երկարաձգման: Ըստ մեղադրող կողմի՝ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, առկա է նաև դատակոչված 33 վկաների վրա ազդեցություն գործադրելու հանգամանքը: Հանրային մեղադրողին արձագանքեց ամբաստանյալ Հակոբյանը:
Արշակ Հակոբյան - 33 վկա, որ ասում են կամ գրում են, նրանք ինձ հետ ընդհանրապես կապ չունեն, Վլադիմիր Գասպարյանի կնոջ ետ կապված հարցուպատասխան է, որին ես ընդհանրապես չեմ առնչվում: Ես ի՞նչ կապ ունեմ` Գասպարյանի կինը գործի գնացել է, չի գնացել, Գասպարյանը իր կնոջ վկաների վրա չի ազդում` ես եմ գնալու, ազդելո՞ւ:
Վկաների թվում է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հակոբյանի շահերը դատարանում 4 պաշտպան է ներկայացնում, 4-ն էլ նշեցին՝ Հակոբյանին կալանքի տակ պահելու հիմք չկա, ասացին՝ ազատութան մեջ գտնվելով՝ Հակոբյանը ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորել:
Պաշտպանները միջնորդեցին նաև կիրառել այլընտրանքային խափանման միջոց, այդ թվում՝ տնային կալանք: Դատարանը, սակայն, 3 ամսով երկարաձգեց կալանավորումը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան