ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը և պատվիրակության անդամները ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով Բույար Օսմանիին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ, ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան համընկել է Հայաստանի տարածքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր ու վիրավորներ:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարանում է հումանիտար իրավիճակը: Ըստ Սարգիս Խանդանյանի` ստեղծված իրավիճակի լուծման հարցում միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հստակ և հասցեական` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով այս այցը փաստում է, որ իրենց ուշադրության կենտրոնում է բարձրացված հարցը, և իրենք մտահոգված են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով: «Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Բույար Օսմանին և հույս հայտնել, որ իր նախագահության ընթացքում այս հարցում հնարավոր կլինի դրական քայլեր արձանագրել:
Հայ խորհրդարանականները խոսել են Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակի և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերահաստատել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր հարևանների նկատմամբ և ցանկանում է խաղաղ գոյակցություն ապահովել տարածաշրջանում: Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարևորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը:
Քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությանը, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: