Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսին:
Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Ասուլիսի մյուս բանախոսներն էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Վստահ եմ, որ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք, ըստ էության, պատրաստ ենք, և կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ ենք ստանում:
Այսօր առավոտյան մասնակցել եմ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երևանում: Սա նույնպես մեծ իրադարձություն է, և եթե չեմ սխալվում, մենք նման իրադարձություն չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, ինչպես նաև այս առաջնության կազմակերպման փորձը թույլ են տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ և հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները և մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ հայ մարզիկները բավականին բարձր նշաձող են դրել իրենց առաջ և ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել մարզասերներին լինել մեր մարզիկների կողքին և ոգևորել նրանց:
Այս առաջնությունը կարևորվել է նաև այն առումով, որ մարզիկները մայրաքաղաք Երևանում Եվրոպայի լավագույն ծանրորդի տիտղոսը նվաճելուն զուգահեռ մրցելու են նաև Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշի համար:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին իր խոսքում նշել է, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները գերազանցել են բոլոր ակնկալիքները և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին իրականացված աշխատանքների համար: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, վերջին առաջնություններում Հայաստանի ծածանվող դրոշն ապացուցում է, որ երկիրը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի և այն առաջատար սպորտաձև է Հայաստանում:
Մուհամմեդ Ջալուդը նաև նշել է, որ այս առաջնությունը կարծես նշաձող լինի Հայաստանի համար, որը 2024 թ. աշխարհի առաջնության համար հայտ է ներկայացրել և վստահություն հայտնել, որ բոլոր նախադրյալները կան այդ դիրքին հավակնելու համար:
Այնուհետև բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են եվրոպական չափանիշներին համապատասխան առաջնության անցկացմանը, մարզական միջոցառումների կազմակերպման նոր ստանդարտներ սահմանելու գործում Հայաստանի դերին, 2024 թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը: Մանրամասներ են ներկայացվել բացման արարողության, անվտանգության ապահովման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման հետ կապված հարցերի շուրջ: