Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման և որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին: ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների և նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ և ԵԱՏՄ կազմակերպությունների կողմից: Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները:
ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) կողմից ստեղծվող խորհրդատվական տեխնիկական կոմիտեները գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրման համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների պահանջների մշակման և վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվող հանձնաժողովներն ապահովելու են համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար գիտաժողովների, վերապատրաստման և որակավորման դասընթացների կազմակերպումը, հավատարմագրման փորձագետների ու գնահատողների որակավորման և համապատասխան վկայագրերի շնորհման գործունեությունը: Կոմիտեների և հանձնաժողովների կազմն ու գործունեության կարգը հաստատվելու է Հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարի հրամանով:
Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի: Սահմանվել են նաև հավատարմագրման կասեցման ու դադարեցման հիմքերը:
Կառավարությանը վերապահվել է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի կողմից կայացրած որոշումների ընդունման կարգը հաստատելու իրավասություն:
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանում գործում են շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմիններ:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուստամ Բաքոյանը և Գառնիկ Դանիելյանն իրենց ելույթներում խոսել են սննդամթերքի շուկայում գների աճի, սոցիալական մեդիայի ոլորտում հարկման համակարգի, կաթնարդյունաբերության բնագավառի, պարարտանյութ ներկրողների խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաև խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերին ու դրանց պատճառների ուսումնասիրությանը:
Կարծիք է հնչել, որ օրենսդրական առաջարկի ընդունման դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն խոշոր արտադրողների և սկսնակ կազմակերպությունների միջև: Լաբորատորիաները պետք է ձևավորվեն տնտեսվարողների միջոցներով, մինչդեռ սկսնակ տնտեսվարողները չունեն թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն: Կարևորվել է պատասխանատուների կողմից որակի ենթակառուցվածքների ոլորտում զարգացումների ներկայացումը:
Եզրափակիչ ելույթում նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված օրակարգային հարցերը: