Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեկնարկեց «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլը, որն առաջին և հաջողված համագործակցության ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Խորհուրդը կշարունակի աջակցել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, օրենսդրությունն ու պրակտիկան համապատասխանեցնելու ջանքերին` հաշվի առնելով նախորդ ծրագրի արդյունքները:
«Պիլոտային այս եզակի ծրագիրը նշանակալի դեր ունեցավ մեր բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների տեղը և դերը հստակ նախանշելու, կատարված օրենսդրական փոփոխությունների մեջ: Վերջին տարիներին Էթիկայի հանձնաժողովի ստեղծման, էթիկական նորմերի հաստատման, կիրառման և վերահսկողության ոլորտում կատարված աշխատանքն իր ազդեցությունն է ունենալու բժշկական օգնության որակի վրա»,- իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նա առանձնացրել է նաև հոգեկան առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումները և կարևորել այդ ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությունը: