ՄՈՍԿՎԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ. ԶԱԽԱՐՈՎԱ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխադարձ զսպվածություն ցուցաբերել։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ ադրբեջանական կողմի հերթական սադրանքին: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը՝ ասաց Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Տվյալ շրջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անհապաղ կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:
Անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղեկայման հեռանկարին՝ Զախարովան շեշտել է` երբ Երևանում պատրաստ լինեն, կարելի է վերադառնալ առաքելության ծավալման կոնկրետ դետալների քննարկման և ամրագրման աշխատանքներին:
Մարիա Զախարովա - Մեջբերեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ «ռուսական կողմը բավարարված է, որ հայկական կողմը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը»:
ՌԴ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդեն ավելի քան 120 օր փակ է պահում Լաչինի միջանցքը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին թույլ չէր տվել 27 խաղաղ բնակչի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման ենթարկելով կանանց և տարեցների:
Ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի գործողությունները և խաղաղապահների հումանիտար գործողությունների խոչընդոտումը, «Լուրերի» հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանում է՝ Մոսկվան հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին:
Մարիա Զախարովա - Այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում մեր երկրի պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից՝ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ:
Զախարովայի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմերը ստացել են մանրամասն առաջարկներ իրավիճակի հնարավոր կարգավորման վերաբերյալ:
Մարիա Զախարովա - Խաղաղապահները լուծում են Ղարաբաղի բնակչությանը սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվում: Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով:
Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար՝ նշում է ռուս դիվանագետը:
Մարիա Զախարովա - Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ամսաթվի մասին մենք կտեղեկացնենք, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցվի, և երբ կարողանանք հրապարակել այդ տեղեկությունը:
ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ
Օրեր առաջ Սերգեյ Լավրովը Թուրքիա այցի շրջանակում՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, քննարկել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման հարցը։ Ի՞նչ արձանագրումներ են եղել այս հարցերի հետ կապված. «Լուրերի» հարցին Զախարովան պատասխանում է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նկատվող «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում:
Մարիա Զախարովա - Ձեռնպահ կմնամ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս շարունակվում է: Հավելեմ միայն, որ Ռուսաստանն աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը, որը մեկնարկել էր Մոսկվայի մասնակցությամբ՝ 2022 թվականի հունվարին։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: