Շիրակի մարզն ունի դատավորի 13 հաստիք, որից 8-ը` քաղաքացիական, 5-ը քրեական մասնագիտացման են: Քաղաքացիական գործեր քննող դատավորների 8 հաստիք համալրված է, քրեական գործեր քննող դատավորի 5 հաստիքից լրացված է 3-ը: ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ քայլեր են ձեռնարկում՝ համալրելու երկու թափուր հաստիքը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ ԲԴԽ անդամ) - Հենց այսօր կարող էիք ականատես լինել մեզ մոտ կազմակերպվող հատուկ կարգով որակավորման ստուգմանը, որից հետո հուսով ենք՝ կլինեն համապատասխան թեկնածուներ, որոնց բանավոր քննությունից հետո կկարողանանք նաև նշանակել: Միջինով 3 դատավորի մոտ 120-130 քրգործերի քանակը, իսկ քաղաքացիականը, եթե այս տարվա բաշխվածության մասին ենք խոսում, 1000-1200 գործն է: Բայց միջինը 2000-3000 միջակայքում է:
1 ամիս առաջ Շիրակի մարզի փաստաբանները դժգոհություն էին հայտնել, որ դատավորների անընդհատ տեղափոխության հետևանքով հնարավոր չի լինում քննել գործերը:
Արամայիս Հայրապետյան (փաստաբան) - Հետևաբար՝ քննության արդյունավետության խնդիրը լուծված չէ: Առաջին, որ դատավորը կնշանակվի, 3-4 տարի առնվազն աշխատի, 2-րդ՝ հնարավորինս սեղմ ժամկետում համալրել թափուր հաստիքները:
Երանուհի Թումանյանցի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է Շիրակի մարզի դատավորների համալրվածության խնդիրը:
Երանուհի Թումանյանց - Ունենք, չակերտավոր, երկու շահերի բախում, դատավորների հաճախ անձնական խնդիրներ, որոնք կարող են ցանկանալ տեղափոխվել, և քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի. ԲԴԽ-ն փորձելու է երկու շահերը բալանսավորել, թեկուզ գործուղելու միջոցով լուծում տալ:
Արդարադատության ակադեմիայում սովորում է քրեական մասնագիտացման 10, քաղաքացիականով՝ 9 թեկնածու: Ավարտելուց հետո նրանք կհամալրեն դատավորների շարքերը: Թափուր հաստիքները լրացնելու ժամկետների մասին խոսելը, ԲԴԽ անդամի խոսքով, դժվար է, քանի որ դա կախված է, օրինակ, հատուկ կարգով թեկնածուների որակավորման ստուգման արդյունքից: Ամեն դեպքում, այստեղ ակնկալում են, որ մայիսին կլուծվի խնդիրը:
Երանուհի Թումանյանց - Մեր ցուցանիշն այն է, որ չունենանք թափուր հաստիքներ: Ունեինք դատավորներ՝ կասեցված գործունեությամբ, որոնք մեղադրվում են այս կամ այն հանցագործության համար: Այդ դատավորները գործ չէին քննում, բայց զբաղեցնում էին, այդ հաստիքները հայտարարեցինք թափուր, իրենց ուղակեցինք ռեզերվ, երբ արդարացվեն, կվերադառնան, հուսանք, բայց դրանք համալրելու խնդիր ունենք, լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը:
Այս պահին Հայաստանում գործող մոտ 280 դատավոր կա: Վերջին 6 ամսում ԲԴԽ-ն համալրել է դատավորի 29 թափուր հաստիք: Հուսով են՝ առաջիկա կես տարում լուծել ևս 34 թափուր հաստիքի հարցը, և դատական համակարգն ամբողջական կազմով կաշխատի՝ թեթևացնելով դատարանների ծանրաբեռնվածությունը:
ՀՀ-ում այս պահին դատավորի 34 թափուր հաստիք կա. ԲԴԽ-ն փորձում է համալրել դրանք: