ԱԺ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ՍԴ մասին Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ:
Նախագծով առաջարկվում է նախատեսել ՍԴ ու Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոնները, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանք ներկայացվող պահանջները, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:
«Չնայած ՀՀ-ն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից՝ միջազգային պայմանագրով սահմանված, այնուամենայնիվ, կիրառման հստակ ընթացակարգերը բացակայում են, դա անորոշություն կարող է ստեղծել, ճիշտ գործընթացի կազմակերպման տեսանկյունից կարող են խոչընդոտներ առաջանալ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նշված օրենսգրքերում՝ կարգավորումներ նախատեսելու առումով»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը: