Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում: 1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ: Ծրագիրը մեկնարկել է 2021 թ. հունվարի 19-ից՝ ՀՀ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է ՀՀ Տավուշի մարզում, իսկ ներկայումս ծրագիրը շարունակվում է ՀՀ Սյունքի մարզում:
Ըստ հիմնավորման՝ իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են ծրագրի բարձր արդյունավետության և սոցիալական նշանակության մասին։ Մեկնարկից ի վեր՝ մինչ 2023 թ. փետրվարի 28-ը իրականացվել է 18,652 մամոգրաֆիկ հետազոտություն: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսակետից և ՀՀ 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը, առաջարկվել է դրամաշնորհային ծրագրում ներառել նաև Շիրակի մարզը։