Արցախի՝ շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը ռուս խաղաղապահները կապահովեն` նախապես ստացված դիմումների համաձայն: Գործընթացը կհամակարգի ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը:
Արմեն Ասրյան (Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի առաջին բաժնի պետ) - Ավելի հստակորեն ճշտում ենք, նաև այդ դիմումին կցում ենք հավելված` տեղագրական քարտեզով, որտեղ հստակ նշված են տվյալ տարածքի կոորդինատները, տարածքը՝ ինչքան հեկտար է կազմում, և ինչ բնույթի գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվում, որպեսզի խաղաղապահ զորախումբը հստակ պատկերացում ունենա կատարվելիք աշխատանքների ու ծավալի մասին:
Հողի սեփականատերը գյուղատնտեսական աշխատանքից առնվազն 4 օր առաջ պետք է ներկայացրած լինի դիմումը:
Ասրյանը նշում է, որ ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից անհրաժեշտ է գործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Արմեն Ասրյան - Եթե անհատն է դիմում, ինքը միայն իր հողամասի համար է դիմում, իսկ հարևան հողատարածքը մնում է, փաստորեն, անմշակ, կամ տերը չի իմանում: Այս առումով, ինձ թվում է՝ պետք է շատ սերտ համագործակցություն կազմակերպվի համայնքների և շրջվարչակազմերի ղեկավարների միջև, և պլանավորեն տվյալ տարածքում ռիսկային գոտում գտնվող հողատարածքների միաժամանակյա աշխատանքների իրականացում:
Ռուս խաղաղապահների ներկայությամբ ևս ադրբեջանական կողմը հաճախ խախտում է հրադադարը՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքները:
«Բայց առանց խաղաղապահների ներկայության հետևանքները կարող ծանր լինել»,- նշում է Արմեն Ասրյանը:
Արմեն Ասրյան - Այստեղ ռուսական կողմը պատասխանատու է տվյալ անձանց անվտանգության համար, իսկ եթե առանց խաղաղապահի ներկայության այդքանը կատարվի, ապա ո՞ւմ վրա պիտի դնենք պատասխանատվությունը:
«Եթե 2020-ի պատերազմից հետո Արցախում ռիսկային կամ վտանգավոր էր համարվում մոտ 5 հազար հեկտար հողատարածք, ապա այժմ նման կարգավիճակ ունի մոտ 10 հազար հեկտարը»,- ասում է Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը:
Պատճառն ադրբեջանական սադրանքների ինտենսիվությունն է՝ ավելի հեռահար զենքերով:
Վիլեն Ավետիսյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Ավելի շատ են սադրանքներ իրականացնում, ավելի խորքային են իրականացնում՝ եթե նախկինում պայմանական, օրինակ՝ մինչև 400-500 մետր հեռավորության վրա էին այդ խնդիրները, հիմա՝ 1 կիլոմետր և ավելի:
Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից առավել հաճախ են կրակում ցանքսի և բերքահավաքի շրջանում:
Վիլեն Ավետիսյան - Միտված են ավելի շատ խանգարել, որպեսզի մեր պարենային խնդիրը խորանա, և մենք ավելի լուրջ խնդիրների բախվենք հետագայում: Կարծում եմ՝ նպատակը դա է:
Արցախի Մարտունու և Ասկերանի շրջաններում գարնան ցանքսի աշխատանքներն այս տարի հաճախ են դադարեցվել ադրբեջանական մարտական դիրքերից թիրախային կրակոցների հետևանքով: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: