Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը:
Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։ Ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50 %-ի չափով։
Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թթ. պետբյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել՝ նման նախագծեր ընդունելիս անհրաժեշտ է կենտրոնանալ այն մեթոդաբանության վրա, ըստ որի՝ մի որոշումով հնարավոր լինի մի քանի հարց համակարգային լուծել:
«Դուք տեղյակ եք, որ նախկինում մեր կայացրած որոշմամբ և Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն՝ ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի: Սա շատ կարևոր է, որովհետև, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնաարդյունաբերության հիմնական ռեսուրսն է: Ցավոք, այն շահագործվել և էականորեն մաշվել է: Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ, այնուամենայնիվ, պետք է այդ գործառույթները և համակարգը ներդնենք իրատես ժամկետներում իրատեսական քայլերով, որպեսզի նաև բավականին մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնաարդյունաբերությունը չոչնչացնենք: Ահա, կարծում եմ՝ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան, որովհետև մեր մոտեցումն այն է, որ խեցգետնաբուծությունը պետք է այս ծրագրով քաջալերենք և աջակցենք, հատկապես այդ երկրորդային ջրերի վրա: Այսինքն՝ երբ ձկնաբուծարաններից ջուրը հեռանում է, այդ հեռացող ջրի վրա խեցգետնի արդյունաբերությունն այդպիսի պետական ծրագրով մենք խթանենք: Սրանով մենք մի քանի հարց ենք լուծում: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ բարձրորակ խեցգետին հնարավոր է ստանալ, ինչը շուկայում շատ շոշափելի և տեսանելի ապրանք է բարձր գնով: Սրանով մեր ջրի շահագործման շղթան կերկարացնենք և ավելացված արդյունքը կմեծացնենք»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ ծրագիրը կնպաստի նաև ձկնաբուծարանների արտադրողականության աճին: Այդ համատեքտում Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկրում, հատկապես սննդի արդյունաբերության, ժամանակակից ստանդարտների ներդրման կարևորությունը. «Նույն ձկնաարդյունաբերության ոլորտում, կարծում եմ՝ խնդիրներ ունենք, որոշակի մտահոգություններ են առաջանում համային որակների և այլնի հետ կապված: Մենք բոլոր այս ստանդարտները պետք է հետևողականորեն ներդնենք: Հույս ունեմ, որ մենք սրանով նաև արդյունաբերության մի շատ կարևոր ճյուղ ենք քաջալերում Հայաստանի Հանրապետությունում»: Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է պետական մի շարք ծրագրերի՝ «խելացի անասնագոմերի, «ինտենսիվ այգիների», պատշաճ տեմպով իրականացումը և նշել, որ անհրաժշետ է լավարկել դրանց բովանդակությունը և հեշտացնել իրագործման մեխանիզմները:
Վարչապետն անդրադարձել է նաև երաշտի խնդրին, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է առօրյա վերաբերմունքի փոփոխությունը՝ սկսած փողոցային ցայտաղբյուրներից: «Փականներ պետք է դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ սուբվենցիոն ծրագրերից մեկով ջրի պակասի խնդիրը լուծելու համար Չիվա գյուղում իրականացվում է դեռ խորհրդային տարիներից կառուցված, բայց չօգտագործվող ջրամբարի վերանորոգումը։ Սակայն, ըստ վարչապետի, նման ծրագրերը բավարար չեն, և պետք է անցնել ջրի խնայողության ռեժիմի։