ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 2023-ԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ 500 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՆՇԱՁՈՂԸ
11 միլիարդ 184 միլիոն դրամ կուղղվի ճանապարհաշինական հերթական ծրագրին: Կառավարական կաբինետը հավանություն տվեց նախարար Սանոսյանի ներկայացրած նախագծին: 14 ճանապարհահատվածի ու տրանսպորտային մեկ օբյեկտի է վերաբերում ծրագիրը՝ զեկուցեց նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Օբյեկտներից մեկը. 22 թվականին անավարտ որոշ աշխատանքներ են մնացել՝ մոտ 10 տոկոսի չափով, հիմա պետք է ավարտել, երկու օբյեկտ սկսվել են 22 թվականին և նախատեսված էր շարունակել 23-ին, և 11 օբյեկտ սկսում ենք այս տարի:
Արվածն ու սպասվողը վարչապետը ներկայացրեց, ասաց ընդհանուր 63,2 կմ մասին է խոսքը. 13.3 միջպետական, 36.5՝ հանրապետական, 12.2 էլ՝ մարզային նշանակության: Նկատեց՝ 23-ին էլ հնարավոր է՝ ապահովեն տարեկան 500 կմ ճանապարհ կառուցելու նշաձողը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տրամադրված ենք 500 կմ ավտոճանապարհ նորոգելու պլանին և էսօր արդեն տեսնում ենք, որ դա իրագործելի, իրատեսական ծրագիր է:
10 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Չզեկուցվող հարցերից մեկով էլ, լրացրեց նախարար Սանոսյանը, Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար 1 մլրդ 260 մլն դրամ է տրամադրվելու: Բարեկարգ ճանապարհներ ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Մայրաքաղաքի հրատապ խնդիրները լուծելու համար գործադիրը միաձայն մոտ 10 միլիարդի հատկացում արեց: Գումարը կուղղվի մի շարք վարչական շրջաններում եղած ճանապարհների նորոգմանը, նաև նորերի, օրինակ՝ Գարեգին Հովսեփյանից դեպի Սարալանջ ճանապարհի կառուցմանը: Ֆինանսավորման առյուծի բաժինը, սակայն, հին վերելակների փոխարինմանն է ուղղվելու՝ մանրամասնեց նիստին ներկա փոխքաղաքապետը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Կառավարությունը մեզ աջակցել է 473 վերելակների ձեռքբերման հարցում, մենք պլանավորում ենք ևս 100-ը, այս տարի մեր բյուջեով և հավելյալ խնայողությունների դեպքում այդ թիվն էլ ենք ավելացնելու:
Եթե տարեկան 500 նոր վերելակի տեմպը պահպանվի, մայրաքաղաքում խնդիրը կլուծվի առաջիկա 4 տարում՝ կանխատեսեց Ավինյանը: Ասաց՝ Կառավարության տված գումարով նորոգվելու է նաև 5 մանկապարտեզ ու երկու պոլիկլինիկա, լուծվելու են դեպի Նոր Խարբերդ գնացող գազատարի խնդիրն ու մի շարք վայրերում կոյուղագծերի կառուցման հարցերը: Ծրագրով նաև այգիներ ու հանգստյան գոտիներ կկառուցեն Կենտրոնում, Դավթաշենում, Նոր Նորքում:
Տիգրան Ավինյան - Ունենք Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ-Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգու հիմնանորոգումը. սա կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով և մոտավոր 1,4 հա տարածք է, և էականորեն կանաչապատվելու է այդ հատվածը:
ԿԼՈՒԾՎԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 10 ԵՎ 17 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև չզեկուցվող հարցերից մեկով Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի վերակառուցման հարցին: Ասաց՝ եռակողմ պայմանագրով՝ համայնք, կառուցապատող, բնակիչ, կլուծվի 4-րդ կարգի վթարայինի խնդիրը: Տարածքը կօտարվի, քաղաքապետարանը կհոգա բնակիչների վարձակալության ծախսերը, իսկ 30 ամիս հետո նրանք կվերադառնան արդեն նորակառույց շենք:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Որևէ հետաձգման պարագայում կան նախատեսված տույժեր կադաստրային գնի եռապատիկի չափով կառուցապատողի համար, և կարելի է ասել՝ այս միջնորդ դերը ստանձնելով՝ Երևան քաղաքը ապահովում է, վստահաբար, կառուցապատման, ի վերջո, վերջնական իրագործումն ու բնակիչների՝ իրենց տները ստանալու գործընթացը:
Սա կարող է լավ օրինակ դառնալ մայրաքաղաքի մաշված բնակֆոնդի հարցը լուծելու համար՝ նկատեց վարչապետը: Խնդիրներն արմատական են, ազգային անվտանգության մակարդակի:
Նիկոլ Փաշինյան - Մենք էդ պրոբլեմները վերջերս քննարկել ենք, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի նիստում, և եկել ենք եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության՝ ամբողջությամբ, առաջիկա 20-25 տարվա ընթացքում պետք է թարմացնենք, դրա համար պետք է ձևեր գտնենք:
2024-2026-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Զեկուցվող վերջին հարցով էլ հաստատվեց 24-26 թվականների արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման ծրագիրը: Փակ ջրի շրջանառության պայմաններում, բազմահարկ ջրավազաններում հնարավոր է բուծել խեցգետին, իսկ Կառավարությունը կաջակցի՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Որը ներառում է կոնստրուկցիաների, սարքավորումների, ինչպես նաև մայրական կազմի ձեռքբերման ծախսերը:
Նարեկ Տերյանը հիշեցրեց՝ կար ժամանակ, երբ տարեկան 3000 տոննա խեցգետնի որս էր իրականացվում, դրանից 2000-ը արտահանվում, բայց չհամակարգված մոտեցումն էականորեն նվազեցրել է խեցգետնի ծավալը, այդ թվում՝ Սևանա լճում: Այս ծրագիրը, վարչապետի խոսքով, դառնալու է մեծ շղթայի մի մասը, որն օրենքով հաջորդ տարվանից սկսելու է գործել: 24-ից բոլոր ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ռեժիմի, ինչը կլուծի Արարատյան դաշտի արտեզյան ավազանի նվազած մակարդակի խնդիրը:
Նիկոլ Փաշինյան - Մեր մոտեցումն այն է, որ մենք խեցգետնաբուծությունը պետք է այս ծրագրով քաջալերենք և աջակցենք հատկապես էդ երկորրդային ջրերի վրա, այսինքն՝ երբ որ ձկնաբուծարաններից ջուրը հեռանում է, այդ հեռացող ջրի վրա խեցգետնի արդյունաբերությունը այսպիսի պետական ծրագրով մենք խթանենք:
Ծրագիրը նորից կխթանի մեր երկրում բարձրորակ խեցգետնի արտադրությունը, կաճի արտադրողականությունը, կերկարի նաև ջրի շահագործման շղթան՝ նշեց վարչապետը: Ասաց՝ խնդիրներ կան նաև ձկնաբուծության ոլորտում՝ արտադրանքի որակին վերաբերող: Կաբինետին հանձնարարեց նաև լավացնել պետական մյուս ծրագրերը՝ «խելացի անասնագոմերի, «ինտենսիվ այգիների» բովանդակությունը, հեշտացնել իրագործման մեխանիզմները:
ՋՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐՑ. ՓԱՇԻՆՅԱՆ
Խոսելով ջրի խնայողությունից՝ վարչապետը նկատեց՝ երաշտը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին:
Նիկոլ Փաշինյան - Սկսած փողոցային ցայտաղբյուրներից՝ պետք է փականներ դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են:
Փաշինյանը կարևոր համարեց ամենօրյա վերաբերմունքը, ասաց՝ ջրի խնայողությունը պետք է դառնա ռազմավարական հարց՝ այդ ուղղությամբ կատարելով գործնական քայլեր: