Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությանը՝ մեղադրելով Փարիզին կողմնակալության համար: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ֆրանսիական կողմի հայտարարությունը, նրանց ձևակերպմամբ, ևս մեկ անգամ ցույց է տալիս Փարիզի ոչ արդար դիրքորոշումը և Հայաստանին դրդում է սադրանքների:
ԿԱՆԱԴԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԻՆ. ԺՈԼԻ
Կանադան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին «Կանադայում ադրբեջանցիների ցանց» կազմակերպության հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Կանադայում ադրբեջանական համայնքի գործունեությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը։ Կանադային գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է միջազգային իրավունքի սկզբունքներին և աջակցում է բոլոր տարաձայնությունները միջազգային իրավունքի շրջանակներում և բանկացություններով լուծելու ջանքերին: Կանադան հուսով է, որ Եվրամիության հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները շուտով կավարտվեն. Օտավան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարել է Մելանի Ջոլին:
ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
Բուլղարիան նախատեսում է ապրիլի վերջին համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ երկու երկրնի միջև գազի մատակարարման ենթակառուցվածքի ընդլայնման մասին: Բացի դրանից նախատեսվում են նաև համաձայնագրեր Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ, ինչը հնարավորություն կտա ավելացնել Ադրբեջանից եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումների ծավալը՝ ճեպազրույցի ժամանակ հատարարել է Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարարը: Ռոսեն Խրիստովի խոսքով՝ հաջորդ տարի Բուլղարիան կկարողանա հեղուկ բնական գազ ստանալ հունական տերմինալով, թուրքական նավահանգստով և ադրբեջանական բնական գազ՝ հույն-բուլղարական գազատարով։ Ներկայումս ադրբեջանական գազը բավարարում է Բուլղարիայի կարիքների մեկ երրորդը։
ԷՐԴՈՂԱՆԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1872 ԱՆՁ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Ստոկհոլմի Ազատության կենտրոնըի համաձայն՝ Թուրքիայում միայն անցած տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ավելի քան 7600 հետաքննություն է իրականացվել: Նախագահին վիրավորելու համար դատապարտվել է ավելի քան 1872 հոգի։ Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալով՝ Էրդողանը 2014 թվականից՝ մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, վիրավորանքի մեղադրանքով դատի է տվել 44.675 մարդու։ Նրան նախորդած հինգ նախագահների կողմից ընդհանուր հարուցվել է վիրավորանքի մեղադրանքով ընդամենը 1716 գործ։ Նախագահին վիրավորելը Թուրքիայում համարվում է հանցագործություն՝ համաձայն երկրի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի։ նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում:
ՍԱՄԱՐՂԱՆԴՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ, ՉԺՀ, ԻԻՀ, ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Սամարղանդում հանդիպել են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպումից առաջ դիվանագետները լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։ Այսօր Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։