Սամարղանդում Աֆղանստանի հարևան երկրների չորրորդ նախարարական համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների երկրորդ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել:
Կողմերը պայմանավորվել են շարունակել Աֆղանստանին վերաբերող հարցերում տարածաշրջանային միասնական մոտեցման ձևավորումը, ինչպես նաև փոխգործակցությունն Աֆղանստանի ներկայիս կառավարության հետ, այդ թվում՝ ներքաղաքական կայունության պահպանման և երկրում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։
Մասնակիցները համաձայնել են, որ Աֆղանստանում տիրող աղետալի վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները՝ Աֆղանստանում իրենց 20-ամյա ներկայության ձախողման պատճառով։
Կողմերը նշել են Աֆղանստանում և հարակից տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման անընդունելիությունը։