Բաքվից հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հաջորդ կանգառը Երևանն է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նրա այցը սկսվել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Արդեն համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում և լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանի խնդիրները և դրանցում ԵԱՀԿ դերն ու ներգրավվածությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է՝ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին, նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյոք սա չի՞ նպաստում հակամարտության ավելի սրացմանը: Հանրային հեռուստաընկերության այս հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ ասուլիսի ընթացքում պատասխանեց.
«Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, որոնք շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք:
Ավելին ասեմ՝ Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները, և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է:
Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը:
Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»: