ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող ԶՊՄԿ ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ 2023 թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: