Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին:
«Կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով: Միևնույն ժամանակ պիտի արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայում, և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:
Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված
հաղորդագրությունը, որում ընդգծում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը հայկական ԽՍՀ-ի և ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի՝ արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից 2 կողմերի ԶՈՒ հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով:
Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է ապակառուցողական մոտեցումը:
«Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաև միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշման:
Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխազնիմների գործարկման վրա»,- ասաց նա: