ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցով, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից: Նախարար Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ նախագահի այցը Երևան տեղի է ունենում Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում և լավ հնարավորություն է՝ քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:
Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, 2020 թվակային նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:
Մամուլի ասուլիսի ընթացքում, «Լուրերի» հարցին ի պատասխան, արտգործնախարարներն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս գոյություն չունի, և չկա դրա կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԻ ԻՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը, այդ թվում՝ կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումը՝ իրենց մանդատին համապատասխան:
ԵԱՀԿ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՅՍՏԵՂ Է, ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ. ՕՍՄԱՆԻ
Բույար Օսմանի (ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար) - ԵԱՀԿ-ն պաշտոնապես այստեղ է և մենք աջակցում ենք Մինսկի խմբին: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում համանախագահների միջև հանդիպումներ չեն կազմակերպվում, և Մինսկի խումբը սառեցված է, բայց ես չեմ կարող ժխտել, որ այն կարող է իր դերն ունենալ: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, այն ունի շատ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Ինձ հետ է իմ անձնական ներկայացուցիչը, որն աշխատում է երկար տարիներ և պատրաստ է շարունակելու կողմերի երկխոսությանը նպաստելու և մարդկանց օգնելու գործընթացը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան