Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար: Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների և ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ապրիլի 12-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:
Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Համակարգի ծառայողները վերապատրաստման հնարավորություն կունենան 2024 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ծանրաբեռնվածությունը:
Զեկուցողի խոսքով` ատեստավորման արդյունքներով՝ փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը բարձրացրել է մարզերում փրկարար ծառայության ազատ հաստիքների համալրման հարցը` անհրաժեշտ համարելով համակարգում աշխատանքի ընդունման պարզեցված մեխանիզմների կիրառումը: «Այս պահի դրությամբ մեր երկրում փրկարար ծառայությունը կարևորագույն ծառայություններից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ գործադիրը փորձում է հարցի վերաբերյալ գտնել ինստիտուցիոնալ լուծումներ: