Արդեն մեկ ամսից ավելի է՝ վերանորոգվում է Գարեգին Նժդեհի ուղեանցը, որ ավելի հայտնի է Վստրեչի կամուրջ անվամբ: Նախնական պլանավորվել էր աշխատանքներն իրականացնել գիշերային ժամերին և ավարտել 15 օրում: Աշխատանքների մեկնարկից օրեր անց, սակայն, մոտեցումը վերանայվեց երկու հիմնական պատճառով: Գիշերն իրականացվող շինարարության աղմուկի պատճառով խանգարվում է բնակիչների քունը, շինաշխատանքներն էլ դեֆորմացիոն կարերի վերանորոգմամբ չեն ավարտվի:
Մինաս Մինասյան (կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն) - Աշխատանքների վերանորոգման արդյունքում պարզվեց, որ անցումային սալեր չկան, ուստի մենք որոշեցինք տեղադրել անցումային սալեր:
Տիգրան Մարտիրոսյան (Երևանի քաղաքապետարանի ճանապարհների սպասարկման և շահագործման բաժնի պետ) - Այդ անցումային սալը դրսից չի երևում, մինչև չքանդես՝ չի երևում:
Էրեբունին և Շենգավիթը կապող կամուրջը կառուցումից հետո որոշակի խնդիրների պատճառով նաև 10 տարի առաջ է վերանորոգվել: Այն ժամանակ անցումային սալեր չեն տեղադրվել: Պատասխանատուների պարզաբանմամբ՝ նախկինում դրանց կարիքը չի եղել, առհասարակ՝ ոչ բոլոր կամուրջները սալի տեղադրման կարիք ունեն: Այսօր մայրաքաղաքում երթևեկող ծանրաքաշ մեքենաների ծավալը 4 անգամ ավելացել է՝ լրացուցիչ պահանջներ թելադրելով: Իսկ 23 թռիչք ու 328 հեծան ունեցող ուղեանցի կրողունակության համար այսօր անցումային սալերը առանձնակի նշանակություն ունեն, վստահեցնում են պատասխանատուները:
Տիգրան Մարտիրոսյան - 10 տարի առաջ ինտենսիվությունը ուրիշ ա եղել, հիմա ուրիշ ա, էն ժամանակ տենց գրուզապադիոմով մեքենաներ ավելի քիչ են եղել, քան հիմա:
Մինաս Մինասյան - Սրանք անցումային սալերն են, սրանք նախկինում չեն եղել, ու էն ժամանակվա լուծումը բավարարել ա, բայց ինչի ենք դնում, որ կոշտ պահվածքի անցումը դեպի փափուկ իր վրա ա վերցնում, չի թողնում, որ դեֆորմացիա լինի:
Կամրջի կապիտալ վերանորոգմանը քաղաքացիները դեմ չեն, բայց այդ հատվածում ամեն օր երթևեկող քաղաքացիները նկատել են, որ վերակառուցման համար ամրացված ժապավենից ներս աշխատանքներ չեն տեսնում, փոխարենը ամեն օր խցանումների մեջ են հայտնվում: Կամուրջը վերակառուցող ընկերության տնօրենը պարզաբանում է՝ անցումային սալերը տեղադրելուց հետո բետոնապատման անհրաժեշտություն է առաջացել, ինչի բնական չորացումը 28 օր է պահանջում 25 աստիճանում, և հենց դա է պատճառը, որ շատ դեպքերում աշխատակիցներ տարածքում չեն լինում:
Մինաս Մինասյան - Պետք ա անենք ևս մեկ մի շերտ բետոնացում, հարթեցման շերտ, ջրամեկուսացում, ասֆալտ, այսինքն՝ ինքը իրանով ժամանակատար ա, բայց կոնստրուկտիվ ճաքերից խուսափելու համար թողնում ենք ամրանա:
Տիգրան Մարտիրոսյան - Պետք ա ըմբռնումով մոտենանք, որովհետև եթե վաղը-մյուս օրը ավելի խնդիր լինի, մենք սա անում ենք ավելի լուրջ խնդիրներից խուսափլու համար:
Քաղաքային իշխանությունն ըմբռնում է քաղաքացիների դժգոհությունը, բայց հորդորում իրենց ևս ըմբռնումով մոտենալ ու նշում՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կամուրջը վերջնական կշահագործվի մեկ ամսից: