ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանում է: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, մասնավորապես, ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած էսկալացիան, որի հետևանքով կողմերն ունեն զոհեր և վիրավորներ:
Իլհամ Ալիևը տեղի ունեցածի համար մեղադրել է Հայաստանին: Նա հայտարարել է, թե իբր հայկական կողմը դիմել է կանխամտածված սադրանքի:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ: Առաջին ուղղությունը Ղարաբաղի հայության, այսպես կոչված, վերաինտեգրումն է, երկրորդը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, նա նշել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Բույար Օսմանիին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերից Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ուղիղ շփումները դադարեցվել են։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ուսումնասիրում է երեկ տեղի ունեցածի հանգամանքները։
Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Միջադեպի վայրին հարող տարածքներում արագ տեմպերով շինարարական աշխատանքներ են իրականացվել: Հայաստանը պետք է դադարեցնի նման ապակառուցողական և վտանգավոր քայլերը։ Հակառակ դեպքում հետևանքները ծանր կլինեն։ Այս հարցում պետք է ներգրավվեն նաև միջազգային գործընկերները։
Ըստ Բայրամովի՝ կարևոր է ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ-ի դերակատարումը, նրա խոսքով՝ կազմակերպության և Ադրբեջանի միջև գործակցության լայն հնարավորություններ կան։
Ջեյհուն Բայրամով - Ադրբեջանական հասարակությունը ԵԱՀԿ-ին ընկալում է որպես հակամարտություններով զբաղվող կազմակերպություն։ Կարող ենք գործակցել ականազերծման, ինչպես նաև բնապահպանության ոլորտներում: Հուսով ենք՝ Մակեդոնիայի նախագահությունը նոր շունչ կհաղորդի ԵԱՀԿ ձևաչափին: Ադրբեջանը հնարավորինս կաջակցի այդ հարցում։
ՕՍՄԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒԼԱՑՆԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Օսմանին, իր հերթին, կոչ է արել թուլացնել տարածաշրջանում լարվածությունը: Նա ընդգծել է, որ ցանկացած զինված միջադեպ, այդ թվում՝ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, կարող են հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի։
Բույար Օսմանի (ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար) - Ժամանելուն պես տեղեկություն եմ ստացել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները՝ կողմերի միջև շփումներ ապահովելու և նման միջադեպերը կանխելու համար։ Կանենք հնարավորը, որ նման երկխոսություն և հաղորդակցություն տեղի ունենան: Երկու կողմի համար էլ խաղաղությունը շատ կարևոր է: Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ-ի նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին:
Օսմանին նաև հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները շարունակելու օգտին, ինչը, ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, կնպաստի հարաբերությունների կարգավորմանը։
Բույար Օսմանի - Զբաղեցնում եմ այս պաշտոնը ԵԱՀԿ-ի համար բարդ ժամանակներում։ Կարծում ենք՝ ԵԱՀԿ-ի տեսլականը պետք է ընդգրկուն և համապարփակ լինի։ Պետք է անենք առավելագույնը՝ տարածաշրջանի բնակչության համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ ԵԱՀԿ-ն վերահաստատում է կազմակերպության անդամ երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու ցանկությունը:
Բույար Օսմանիի տարածաշրջանային այցը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Երեկ պաշտոնյան եղել է Վրաստանում: Բաքվից հետո նախատեսված է նրա այցը Երևան: